Հայ-ադրբեջանական սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման հատվածներին, այսօր հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

կողմից admin2

Թեև սահմանազատման աշխատանքները տևական ժամանակ է՝ չեն շարունակվում, Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ փուլի վերաբերյալ կողմերը դեռևս պայմանավորվածություն չունեն։

«Հաջորդ փուլի աշխատանքների հետ կապված չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ՝ շուտով կլինի, կքննարկենք», — «Ազատությանն» ասել է նա՝ չբացառելով, որ TRIPP-ի շրջանակում սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն։

«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ անցկացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել, և՛ իրականացնել աշխատանքները», — նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը, չսպասելով TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը, պատրաստվում է սկսել Սյունիքով անցնող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները, որոնք հետագայում կփոխանցվեն ընկերությանը։

Թե կոնկրետ որտեղով կանցնեն այդ ենթակառուցվածքները, դեռ որոշված չէ։

«Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնենք, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի, ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում», նշել է Գրիգորյանը։

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ սահմանազատման հաջորդ փուլը հենց TRIPP-ի հատվածում լինի, Գրիգորյանը պատասխանել է. «Հավանականությունը մեծ է, որովհետև TRIPP-ը պետք է արագ անենք»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode