2026 թվականին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն առաջացել է սպասվածից ավելի բարձր եկամուտների և հարկերի հավաքագրման ցուցանիշների բարելավման շնորհիվ։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցերին։
Ղազարյանը հիշեցրել է, որ նախորդ բյուջետային քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին կենսաթոշակները բարձրացնելու ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին։
Ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է. «Երբ 2025 թվականի արդյունքներով մենք ավելի շատ եկամուտներ և ավելի բարձր տնտեսական աճ արձանագրեցինք, պարզ դարձավ, որ 2026 թվականի եկամուտները նախատեսվածից առնվազն 45-50 մլրդ դրամով ավելի կլինեն։ Դա մեզ համար պարզ էր արդեն տարեսկզբին»:
Նախարարի խոսքով՝ լրացուցիչ եկամուտների հաշվին հաջողվել է ապահովել կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցների առնվազն կեսը։