Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ անհիմն ու կեղծ տարածքային պահանջների ներկայացման քաղաքականությունը։
Նախօրեին, տեղի ունեցած «Իրևանի ղազիության պատմությունը» գրքի շնորհանդեսին, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության և այսպես, կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համատեղ ջանքերով, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «Կովկասի մուսուլմանների վարչությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվական և լուսավորչական գործունեությանը՝ այն համարելով իր աշխատանքի առաջնահերթ և անբաժանելի ուղղություններից մեկը և աջակցում է Հայաստանից արտաքսված հայրենակիցներին իրենց պատմական բնակության վայրեր վերադարձնելու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան»։
Փաշազադեն նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանում» ղազիության գործունեության հարկադիր դադարեցումը ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից էթնիկ զտումների և նպատակային տեղահանության անմիջական հետևանքն էր»։
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը նախագահ Իլհամ Ալիևի պատմական նշանակություն ունեցող որոշումներից մեկն էր։