Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեց, թե երբևէ Ադրբեջանի արդարադատության նախարարի հետ շփումներ ունեցե՞լ է՝ քննարկելու Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների իրավունքների հարցերը։
«Օրինակ՝ եթե Լևոն Մնացականյանին կամ Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել «ապօրինի ահաբեկչական կազմավորում ստեղծելու և ղեկավարելու համար», նկատի ունենալով Արցախի Պաշտպանության բանակը, Արցախի ՊԲ-ում զինվորական ծառայություն են անցել հարյուր հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ նաև դրա հետ ուղիղ առնչություն է ունեցել Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը։ Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ, երբ Ադրբեջանի այդ գործողությունների դեմ որևէ համարժեք քայլ մեր կողմից չի իրականացվում»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հստակ չպատասխանեց թե ի՞նչ աշխատանք է իրականացնում ՀՀ իշխանությունը՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ․ «Սա այն հարցն է, որտեղ աշխատում են ոչ թե մասնավոր ֆիզիկական անձինք, այլ աշխատում են պետությունը և պետական ինստիտուտները։ Եվ ես՝ որպես մասնավոր անձ, որևէ մանրամասներ չեմ պատրաստվում ձեզ հայտնել այդ գործընթացից։ Բայց ուզում եմ ասել, որ դա մի հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր»։
Ի պատասխան Էդգար Ղազարյանն էլ արձագանքեց․ «Ես ձեզ որպես մասնավոր անձ հարց չեմ տալիս, դուք այստեղ որպես մասնավոր անձ չեք գտնվում, դուք բարձրաստիճան պաշտոնատար անձ եք, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ եք… Ես գիտեմ, թե դուք՝ որպես պաշտոնատար անձ, 2026-ի հունվարին ինչ ջանք եք գործադրել երկու սիրիացի վարձկան ահաբեկիչներին, որոնք բռնվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ, Թուրքիային հանձնելու համար։ Այն դեպքում, երբ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Ես գիտեմ, թե դուք ոնց եք 2023-ին առանց դատարանի որոշման և առանց նախագահի համաներման հրամանագրի, երկու ադրբեջանցու, որոնցից մեկը մարդասպանություն էր իրականացրել ՀՀ տարածքում, հանձնել Ադրբեջանին։ Ես ուզում եմ իմանալ, թե մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ ջանք եք գործադրում։ Ասում եք՝ մենք ամեն օր աշխատում ենք, ո՞ւր է այդ աշխատանքի արդյունքը»։
Գալյանը դարձյալ կրկնեց, թե՝ այդ հարցում անհատներ, ֆիզիկական և պաշտոնատար անձինք ներգրավված չեն, ներգրավված են պետական ինստիտուտներ։