Հովհաննիսյան ինստիտուտը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել

կողմից admin1

Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ հայտնի դարձավ, որ «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը» 2020–2025 թվականներին Հայաստանի պետական բյուջեից՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, ստացել է ավելի քան կես միլիոն դոլար՝ շուրջ 207 միլիոն դրամ։

Գումարները հատկացվել են առանց մրցույթի, կառավարության գաղտնի որոշումներով, որոնց մասին հանրությունը տեղեկացել է միայն դրանց գաղտնազերծումից հետո։

Բայց ինչի՞ համար է պետական բյուջեից հատկացվել ավելի քան կես միլիոն դոլար, և ի՞նչ է իրենից ներկայացնում Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտը։

Ո՞վ է Աշոտ Հովհաննիսյանը, և ի՞նչ է Հովհաննիսյան ինստիտուտը Աշոտ Հովհաննիսյանը (1887–1972) Շուշիում ծնված մարքսիստ պատմաբան էր, խորհրդային պետական գործիչ։

1922–1927 թվականներին նա զբաղեցրել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ Հետագայում ենթարկվել է ստալինյան բռնաճնշումների։  Նրա անունը կրող «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը» հիմնադրվել է 2014 թվականին Երևանում։

Կազմակերպությունն իր առաքելությունը սահմանում է որպես հումանիտար գիտությունների ոլորտում քննադատական հետազոտությունների իրականացում և խթանում՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով հայկական պատմությանը, արդիականությանը, քաղաքական ու հասարակական գաղափարների ձևավորմանը։ Ինստիտուտն իրականացնում է հետազոտական, հրատարակչական և գիտաժողովային ծրագրեր։

Կես միլիոն դոլարից ավելի պետական ֆինանսավորում և 15 տարով անհատույց տարածք «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը 2020–2025 թվականներին Հայաստանի պետական բյուջեից ստացել է ընդհանուր 207 միլիոն դրամ՝ շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար։

Ինչպես բացահայտել են Factor TV-ն և CivilNet-ը, գումարները հատկացվել են առանց մրցույթի՝ կառավարության գաղտնի որոշումներով, որոնք հրապարակային են դարձել միայն 2025 թվականին՝ գաղտնազերծումից հետո։ Գաղտնազերծման հիմնավորումը Վարչապետի աշխատակազմի պարզաբանմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունների հետևանքով ուսումնասիրված խնդիրների զգայունությունն ու հրատապությունը էապես նվազել էին։

Մինչդեռ հրապարակված տեղեկություններից հստակ չի երևում, թե հատկապես որ հետազոտություններն էին պահանջում գաղտնի ընթացակարգով պետական ֆինանսավորում։ Պետական աջակցությունը, սակայն, միայն դրամաշնորհներով չի սահմանափակվել։ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1123-Ա որոշմամբ ինստիտուտին 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Երևանի Խանջյան 19 հասցեում գտնվող 348.4 քմ տարածքը։ Որոշման համաձայն՝ անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 162 միլիոն 768 հազար դրամ։

Այսպիսով, ինստիտուտին տրամադրված պետական աջակցությունը ներառել է երկու առանձին բաղադրիչ՝ 207 միլիոն դրամի ուղղակի բյուջետային դրամաշնորհներ և պետական անշարժ գույքի 15-ամյա անհատույց օգտագործման իրավունք։  348,4 քմ տարածք վարձակալությունը Երևան քաղաքի կենտրոնում՝ Խանջյան փողոցում ամսական արժի միջինում մոտավորապես 1 միլիոն 800 հազար դրամ։ 15 տարվա համար այս գումարը կկազմի 306 միլիոն դրամ։ Ստացվում է, որ Կառավարությունը Հովհաննիսյանին ինստիտուտին ավելի քան 1 միլիոն դրամով է ապահովել իր գործունեության համար։ Բայց այդ ի՞նչ գործունեություն է մի երկրում, որտեղ գիտությանը հատկացնում են բյուջեից ընդամենը 0,84% են տալու, իսկ Հովհաննիսյան ինստիտուտին այդ ողջ գումարից 1%-ի չափ բաժին է հասնում։

Ի՞նչ համար են այդքան գումար տվել Factor TV-ի հարցին, թե ինչի համար է ստացել շուրջ 207 միլիոն դրամ պետական ֆինանսավորում, Հովհաննիսյան ինստիտուտը կոնկրետ հաշվետվություն չի ներկայացրել՝ առաջարկելով ծանոթանալ modernities.am կայքում հրապարակված հետազոտություններին։ Հերոսականության վերաիմաստավորում. ազգային զոհաբերությունից դեպի անհատի բարեկեցություն Պետական ֆինանսավորում ստացած «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի» հրապարակած աշխատանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մի մասը միավորված է ընդհանուր գաղափարական հարցադրմամբ՝ վերանայել հայկական պետականության այն պատմական ընկալումները, որոնց հիմքում ազգային բարձրագույն նպատակները, հերոսականությունն ու անձնազոհությունն են։

Դրանց փոխարեն հետազոտական ծրագրի ուշադրության կենտրոնում է հայտնվում պետության՝ մարդկանց առօրյա կյանքն ու բարեկեցությունն ապահովելու գործառույթը։ Այս մոտեցումն առավել հստակ ձևակերպված է «Պետությունը բաղձանքի և կենցաղի միջև» ծրագրի հայեցակարգում։ Հեղինակները գրում են, որ «հարկ կա վերանայելու պետության՝ որպես կորսվածը վերականգնելու բաղձանքի մեր ավանդական ըմբռնումը»։ Նրանց գնահատմամբ՝ ազգային պետության՝ որպես պատմական կորուստների վերականգնման և համազգային փրկության նպատակի ընկալումը, որը ժամանակին նպաստել է անկախության ձեռքբերմանը, այսօր կարող է խոչընդոտել դրա պահպանմանն ու զարգացմանը։

Այս ընդհանուր հայեցակարգի շրջանակում Նարե Սահակյանի՝ «Ավարայրի ճակատամարտը՝ պետության հիմքում. հայ գրագետի սուրբն ու ժողովրդի դյուցազունը» ուսումնասիրությունում հակադրվում են «երկու իրար հակառակ հերոսականության իդեալներ»։ Մի դեպքում հերոսը գիտակցաբար գնում է նահատակության՝ հանուն սրբազան գաղափարի, մյուս դեպքում պայքարում է մարդկանց կյանքն ու համայնքը պաշտպանելու համար։ Հեղինակը նաև քննարկում է, թե ինչպես է Ավարայր–Սարդարապատ–Արցախ խորհրդանշական շղթայի միջոցով զոհաբերության գաղափարը դարձել ժամանակակից հայկական պետականության ինքնընկալման բաղադրիչ։ Նույն խնդրին այլ տեսանկյունից է անդրադառնում «Սրբազան պատերազմ և ստալինյան պետականություն. Դերենիկ Դեմիրճյանի Եղիշեն 1940-ականներին» հետազոտությունը։

Այստեղ նահատակության գաղափարի պատմական շարունակականությունը դիտարկվում է մինչև Արցախյան առաջին պատերազմ՝ ներառյալ Վազգեն Սարգսյանի՝ 1992 թվականին 500 մահապարտների ջոկատ ձևավորելու կոչը։ Այսպիսով, քննության առարկա է դառնում ոչ միայն պատմական հերոսի կերպարը, այլև ազգային ինքնության այն մոդելը, որում հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությունն առանձնահատուկ նշանակություն է ստացել։ Աշոտ Գրիգորյանի՝ Արդարությունը՝ սովորական զգացում, թե՞ արտակարգ հանձնառություն» հետազոտությունն այս հարցադրումը տեղափոխում է քաղաքական բարոյագիտության հարթություն՝ ուսումնասիրելով բարձրագույն բարոյական գաղափարին ծառայելու պարտքի դերը հայկական քաղաքական մտքում։

Վարդան Ազատյանի՝ «Դարձ և թարգմանություն. ազգային պետականության մշակութային տրամաբանությունը» աշխատանքն էլ անդրադառնում է այն պատմամշակութային հիմքերին, որոնց միջոցով հայկական պետականությունը ձեռք է բերել ազգային և հոգևոր նշանակություն։ Առավել անմիջականորեն Արցախյան խնդրին է անդրադառնում Լուսին Շաբոյանի՝ «Անկախությունը՝ «գործոն» ղարաբաղյան խնդրի լուծման հարցում. անկախության ըմբռնումները 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի Հայաստանում» հետազոտության ուրվագիծը։ Հ

եղինակը քննարկում է, թե ինչպես է Հայաստանի անկախությունը դիտարկվել որպես Արցախյան խնդրի լուծման քաղաքական միջոց, և այդ մոտեցումը բնորոշում է հետևյալ կերպ. «Սա [Արցախյան հարցի լուծումը] Հայաստանի անկախության հիմքում ընկած հիմնարար մի հակասություն է, որ մեր պետության գոյության օրից իսկ ծվատել է մեզ»։ Հետազոտության ուրվագծում քննարկվում է անկախության այնպիսի ընկալման պատմական հնարավորությունը, որը կապվում է Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքում նյութական կյանք ապրելու և դրա համար պայմաններ ստեղծելու հետ։ Այս աշխատանքները համադրելով՝ նկատելի է փոխկապակցված հարցադրումների մի ամբողջություն։ Մի դեպքում վերանայվում է նահատակության իդեալը՝ որպես ազգային ինքնության չափանիշ, մյուսում՝ բարձրագույն բարոյական պարտքի դերը պետական մտածողության մեջ, իսկ երրորդում՝ Հայաստանի անկախության և Արցախյան խնդրի փոխկապակցվածությունը։

Ընդհանուր ուղղությունը հայկական պետականության՝ պատմական կորուստների վերականգնման և ազգային բարձրագույն նպատակների իրականացման վրա հիմնված ընկալման քննադատական վերանայումն է՝ հօգուտ պետության, որի առաջնային գործառույթը մարդկանց գործնական կյանքի պայմանների ապահովումն է։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինստիտուտի հետազոտությունները կարևոր են եղել կառավարության քաղաքականությունների մշակման համար։ Հետևաբար առաջանում է հարց՝ արդյո՞ք այս հետազոտություններում ձևակերպված մոտեցումները օգտագործվել են Հայաստանի իշխանությունների՝ ազգային անվտանգության, Արցախի և պետականության նպատակների վերաբերյալ քաղաքականության մշակման ընթացքում։

Նկատի ունենալով զոհված զինվորների նկարները ջնջել, 2020-2023թթ պատերազմներում զոհվածների ամբողջական ցուցակները չհրապարակելը, Մոնթե Մելքոնյանի անունը Ֆեյսբուքում գրաքննությանը չդիմադրելը, Զորավար Անդրանիկի նկարի հեռացումը, Քաղաքացիական պայմանագրի և, իհարկե, Նիկոլ Փաշինյանի կոստյումի վրայի նարնջագույն քարտեզի սոսնձումը, կարող ենք եզրակացնել, որ Հովհաննիսյան ինստիտուտը մեր հարկերից կես միլիոն դոլար է ստացել և 15 տարով անհատույց վարձակալությամբ տարածք, որպեսզի այս ամենը մտցնի գործադիր ղեկավարի գլուխը։  Բայց արդյո՞ք արժեք սրա համար կես միլիոն դոլար տային, եթե այս գաղափարները արդեն իսկ գոյություն ունեին։ Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտողները՝ պետական և հանրային հաստատություններում Հովհաննիսյան ինստիտուտի համահիմնադիր և նախագահ Վարդան Ազատյանը միաժամանակ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականից։

Ինստիտուտի հետազոտող և խորհրդի անդամ Իրինա Շախնազարյանը 2024 թվականի օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Այս մարմինն ապահովում է Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի կառավարումն ու վերահսկողությունը։ Հովհաննիսյան ինստիտուտի մեկ այլ հետազոտող՝ Նարե Սահակյանը, որը զբաղվում է ազգային հերոսականության, նահատակության և Վարդան Մամիկոնյանի կերպարի ուսումնասիրությամբ, ղեկավարում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահը։ Այսպիսով, ինստիտուտի նախագահ Վարդան Ազատյանն ու հետազոտող Նարե Սահակյանը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում նույն պետական բուհում։

Այս փաստերը ցույց են տալիս, որ պետական ֆինանսավորում ստացող ինստիտուտի գործունեությունը չի սահմանափակվում անկախ հետազոտական միջավայրով։ Նրա ղեկավարն ու հետազոտողներից մի քանիսը միաժամանակ պաշտոններ են զբաղեցնում պետական կրթական և հանրային հեռարձակման հաստատություններում։ Հետևաբար հարց է առաջանում՝ որքանո՞վ են ինստիտուտի հետազոտություններում մշակվող գաղափարները մնում ակադեմիական քննարկումների շրջանակում, և արդյո՞ք դրանք որևէ դեր են ստանում այն հանրային հաստատությունների գործունեության մեջ, որտեղ ներգրավված են հետազոտողները։

Ռուբեն Վարդանյանը՝ որպես Հովհաննիսյան ինստիտուտի գաղափարական հակադրություն 2022 թվականի սեպտեմբերին գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր շուրջ 1.3 միլիարդ դոլար, հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։

2022 թվականի սեպտեմբերին գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որի կարողությունն այդ ժամանակ գնահատվում էր շուրջ 1.3 միլիարդ դոլար, հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ «Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում»,- իր որոշումը բացատրում էր Վարդանյանը։ Նույն հայտարարության մեջ նա դիմում էր հայոց պատմական հիշողությանը․ «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչը մեր հենարանն է»։

Վարդանյանի այս որոշումը կարելի է դիտարկել որպես Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտություններում քննադատական վերանայման ենթարկվող ազգային ինքնության մոդելի կենդանի դրսևորում։ Նրա խոսքում Սարդարապատը պարզապես պատմական հիշողություն չէր, այլ ներկա իրականության մեջ գործելու բարոյական պարտավորություն։ Այն նույն Ավարայր–Սարդարապատ–Արցախ խորհրդանշական շարունակականությունն էր, որի միջոցով, ըստ ինստիտուտի հետազոտողների, հերոսականությունն ու անձնազոհությունը դարձել են հայկական պետական ինքնության բաղադրիչներ։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս փիլիսոփայական հակասություն։ Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտական ծրագրում ազգային բարձրագույն գաղափարի համար անձնազոհության պատմական մոդելը քննադատական վերանայման է ենթարկվում՝ առաջնային նշանակություն տալով մարդկանց առօրյա կյանքին ու բարեկեցությանը։ Մինչդեռ Վարդանյանի օրինակում անձնազոհությունը ոչ թե հակադրվում էր ուրիշների բարեկեցությանը, այլ հենց դրա ապահովմանն էր ուղղված։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը հրաժարվում էր սեփական ապահով կյանքի հնարավորություններից և մեկնում մի վայր, որտեղ մարդկանց գոյությունն ու բնականոն կյանքը վտանգված էին։ Նա սեփական բարեկեցությունը ստորադասում էր ուրիշների բարեկեցությանը՝ առաջնորդվելով ազգային պատկանելությունից բխող պատասխանատվությամբ։ Եթե անհատի բարեկեցությունը պետականության և քաղաքականության առաջնային արժեքն է, ապա ինչպե՞ս պետք է գնահատել այն անհատին, որը կամավոր զոհաբերում է սեփական բարեկեցությունը՝ ուրիշների բարեկեցությունը պաշտպանելու համար։

Այս հարցը բացահայտում է հերոսականության և բարեկեցության հակադրության սահմանափակությունը։ Հերոսականությունը պարտադիր չէ, որ նշանակի հանուն վերացական գաղափարի մահվան ձգտում։ Այն կարող է նշանակել գիտակցված հրաժարում սեփական հարմարավետությունից, անվտանգությունից և նյութական հնարավորություններից՝ հանուն ուրիշների կյանքի։ 2022 թվականի նոյեմբերին Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակեց Արցախը։ Վարդանյանն այնտեղ էր՝ շրջափակման մեջ հայտնված բնակչության կողքին։ Նրա նախաձեռնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը մասնակցում էր բնակչության սոցիալական և կենսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, 2022 թվականին Հայաստանի կառավարությունը Հովհաննիսյան ինստիտուտին հատկացրել էր 41.813 միլիոն դրամ, իսկ 2023 թվականին՝ ևս 38.941 միլիոն դրամ։

Այդ տարիների հետազոտական ծրագրում քննության էին առնվում ազգային ինքնության, նահատակության, անձնազոհության և պետականության ավանդական ընկալումները։ Այստեղ առաջանում է երկրորդ՝ արդեն հանրային միջոցների օգտագործման հետ կապված հակադրությունը։ Մի կողմից՝ պետությունը հարկատուների միջոցներից ֆինանսավորում էր հետազոտություններ, որոնց գաղափարական առանցքներից մեկը մարդկանց գործնական կյանքի և բարեկեցության առաջնայնությունն էր։

Մյուս կողմից՝ Արցախում մարդիկ կանգնած էին սննդի, դեղորայքի, անվտանգության և գոյատևման խնդիրների առաջ, իսկ նրանց օգնելու համար մասնավոր անձինք ու կազմակերպություններ ներդնում էին սեփական միջոցներն ու ստանձնում անձնական ռիսկեր։ Եթե բարեկեցությունն առաջնային արժեք է, ապա ինչո՞ւ է հանուն այդ բարեկեցության կատարվող անձնական զոհողությունը դառնում քննադատական վերանայման առարկա, մինչդեռ հենց այդ զոհողությունը կարող է լինել ուրիշների գոյատևման պայմանը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը հայաթափվեց։

Ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները։ Սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանը պատանդառվեց Ադրբեջանի կողմից և տեղափոխվեց Բաքու։ Արցախի հայաթափումն այս հակադրությանը տալիս է ողբերգական չափում։ Մարդիկ, որոնց բարեկեցությունն ու անվտանգությունը պետք է լինեին քաղաքականության առաջնային նպատակներից, զրկվեցին իրենց տներից, կենսական միջավայրից և բնականոն կյանքի պայմաններից։ Այստեղ է, որ հարցը դուրս է գալիս զուտ պատմափիլիսոփայական քննարկման սահմաններից։ Կարո՞ղ է արդյոք պետությունը մարդկանց բարեկեցությունն ապահովել՝ առանց այն հավաքական պատասխանատվության և անձնազոհության, որոնց շնորհիվ հնարավոր է պաշտպանել այդ մարդկանց գոյության պայմանները։

Ռուբեն Վարդանյանի օրինակը թույլ է տալիս հակադարձել ազգային հերոսականության և անհատի բարեկեցության միջև կառուցվող հակադրությանը։ Նրա վարքում ազգային ինքնությունը ոչ թե հեռացնում էր մարդուն ուրիշների առօրյա հոգսերից, այլ պարտավորեցնում էր կիսել դրանք։ Սարդարապատի հիշողությունը ոչ թե փոխարինում էր մարդկանց կենսական կարիքներին, այլ դառնում էր այդ կարիքները պաշտպանելու շարժառիթ։ Այս տեսանկյունից անձնազոհությունը բարեկեցության ժխտումը չէ։ Այն կարող է լինել ուրիշի բարեկեցությունը սեփականից վեր դասելու բարձրագույն արտահայտությունը։ Եվ հակառակը, անձնազոհության ժխտումը վերադարձնում է մարդկանց բարեկեցության ստորադասում։

2026թ․ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանն ապօրինի դատապարտեց 20 տարվա ազատազրկման, այս դատավճռի կայացման հիմքում է ընկած նաև Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտությունները, որոնք իրականացվել են մեր գումարներով, մեզնից թաքուն։  Ռուբեն Վարդանյանի և մյուսների ազատությունը, նրանց կյանքի բարօրության վերադարձը կախված նվիրվածության ու անձնազոհության հերոսականության վերադարձով։ Հովհաննիսյան ինստիտուտն ու բարեկեցությունը 2020 թվականին՝ Արցախյան պատերազմի և տարածքների կորստի տարում, Հովհաննիսյան ինստիտուտը պետական բյուջեից ստացել է 6,3 միլիոն դրամ։ 2021 թվականին՝ պատերազմին հաջորդած տարում՝ 38,941 միլիոն դրամ։

2022 թվականին՝ Բերձորի և Աղավնոյի հայաթափման ու Հայաստանի դեմ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման տարում՝ 41,813 միլիոն դրամ։ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման, սովի և ամբողջական հայաթափման տարում՝ 38,941 միլիոն դրամ։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ շրջափակված Արցախում Վերա Նարիմանյանը գնացել էր երեխաների համար սնունդ հայթայթելու և վերադարձին նրանց մահացած գտել, երբ մարդիկ սովի էին մատնված, իսկ հայաթափման օրերին վառելիքի պահեստի պայթյունից զոհվել էր ավելի քան 200 մարդ, Հովհաննիսյան ինստիտուտը պետական բյուջեից ստանում էր մոտ 39 միլիոն դրամ՝ իրականացնելու հետազոտություններ, որոնցում քննադատական վերանայման էին ենթարկվում ազգային հերոսականությունն ու անձնազոհությունը՝ առաջնային նշանակություն տալով մարդկանց առօրյա կյանքին ու բարեկեցությանը։

Ստացվում է փիլիսոփայական հակասություն․ երբ արցախցիները կորցնում էին իրենց բարեկեցության ամենատարրական պայմանները՝ տունը, սնունդը, անվտանգությունը, պետական միջոցներով վերանայվում էր հենց այն ազգային անձնազոհության գաղափարը, որի նպատակը կարող էր լինել այդ պայմանների պաշտպանությունը։ Հակասությունն ավելի խորացավ, երբ արցախցի հանդեպ համակարգային ատելություն ու թշնամանք սկսվեց Հայաստանում և առաջացավ վարձակալությամբ ապրելու անբարեկեցիկ պայմաններ նրանց կյանքում, ինչպես նաև անձնագրային, կրթական դժվարություններ ու խոչընդոտներ Իսկ հարյուր հազարավոր մարդիկ կարողացան փրկվել, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և Ռուբեն Վարդանյանը անձնազոհաբար հանձնեցին իրենց Ադրբեջանին։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode