Deutsche Welle-ն՝ Արթուր Դանիելյանի կալանքի մասին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»

կողմից badoyan

Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին՝ կարևոր հարցադրումներ անելով. «Արդյո՞ք Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը» և «Ինչո՞ւ Եվրամիությունը չի արձագանքում»։

Գերմանական պարբերականը գրում է, որ հոկտեմբերի սկզբին ձերբակալվել, ապա կալանավորվել է Հայաստանի ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող ֆեյսբուքյան գրառման պատճառով։ Դանիելյանին կալանավորելու հիմք են դարձել ֆեյսբուքյան այն հրապարակումները, որոնցում նա քննադատել է ինչպես Փաշինյանին, այնպես էլ երկրի անվտանգության ծառայություններին։

Հայկական «Ինֆոքոմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Փաշինյանը բացառել էր Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակելու հնարավորությունը։ Ի պատասխան՝ Դանիելյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչապետին՝ նրան անվանելով «սրիկա» և մեղադրելով իր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ցանկություն չունենալու մեջ։

Հայաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ դատապարտել են «Ադեկվադ» կուսակցության առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն որակելով «ակնհայտորեն ապօրինի, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ ընտրովի արդարադատության նման դրսևորումները ժողովրդավարական հետընթացի մտահոգիչ ազդանշան են։

Արդյո՞ք Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը

2020-ի ապրիլի 15-ին Հայաստանի քրեական օրենսգրքում ավելացվել էր 226.2-րդ հոդվածը, որով քրեական պատասխանատվություն էր սահմանվում բռնության հրապարակային կոչերի, ինչպես նաև բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։ Քաղաքացիական հասարակության բուռն դժգոհությունից հետո համապատասխան արարքները հետագայում ապաքրեականացվեցին։

Ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ 2025-ին հրապարակված զեկույցի՝ «2020 թվականին քրեական օրենսգրքում կատարված փոփոխության հիման վրա բռնության հրահրման վերաբերյալ դատական գործերի գրեթե 95 տոկոսը վերաբերել է վարչապետ Փաշինյանի և նրա աջակիցների հասցեին հնչեցված ենթադրյալ սպառնալիքներին, մինչդեռ իշխող կուսակցության ներկայացուցիչների՝ հնարավոր է օրենքով արգելված հայտարարությունները, ըստ ամենայնի, նույնպիսի քննության չեն ենթարկվել»։

2026-ի նախընտրական ամբողջ ժամանակահատվածում Երևանում գործող անկախ վերլուծական կենտրոնը՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, մշտադիտարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների նկատմամբ համացանցում տարածվող ատելության խոսքը։

Կենտրոնի զեկույցներում փաստագրվել է, թե ինչպես են իշխանամետ բլոգերներն ու սոցիալական ցանցերի ազդեցիկ օգտատերերն իրենց հարթակներն օգտագործել Ղարաբաղից տեղահանված հայերի դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար՝ նրանց հասցեին կիրառելով նվաստացուցիչ արտահայտություններ։

Չնայած արձանագրված փաստերին՝ Հայաստանի իրավապահ մարմինները հիմնականում ձեռնպահ են մնացել այդ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց։

Ինչո՞ւ Եվրամիությունը չի արձագանքում

Չնայած ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի ջանքերին՝ Բրյուսելը հստակ արձագանք չի տվել ընդդիմադիր ձայների լռեցմանը, DW-ին հայտնել են Երևանում գործող դիտորդները։

«Եվրամիությունը, ընդհանուր առմամբ, որդեգրել է խիստ պրագմատիկ և աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված մոտեցում»,– նշել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը։ «Հաշվի առնելով տարածաշրջանային տարբեր զարգացումները, այդ թվում՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանն այժմ դարձել է տարածաշրջանում Եվրամիության հիմնական գործընկերը»,– հավելել է նա։ «Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Փաշինյանին այլընտրանք հանդիսացող ընդդիմությունը ռուսամետ է։ Արդյունքում՝ այս քրեական գործերին որևէ լուրջ արձագանք չի տրվում»։

Այս տեսակետը կիսում է նաև Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը, ըստ ամենայնի, «հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի վարած քաղաքականությամբ»։ «Այսպիսով, խոսքն այնքան Հայաստանի մասին չէ, որքան այն ուժերի ամրապնդման, որոնք թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում և տարածաշրջանում»,– նշել է Մայսթերը։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն օգտագործել է այս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ իր ներքաղաքական ընդդիմախոսներին որպես Ռուսաստանի ազդեցության գործակալներ ներկայացնելու համար։ Սակայն, ինչպես ընդգծել է Մայսթերը, Փաշինյանին քննադատող բոլոր գործիչները չէ, որ ռուսամետ են։ Նրա խոսքով՝ «Եվրամիությունը որոշակիորեն ընկնում է այս թակարդը՝ ընդունելով այն պատկերացումը, թե հենց այս մեկնաբանությունն է ճիշտ»։

aysor.am

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode