Ղրիմի կամրջին հարված է հասցվել գործողության յոթերորդ փուլում, որի նախապատրաստումը տևել է յոթ շաբաթ։
Վերջնական հարվածի համար ուկրաինացի զինվորականներն օգտագործել են տարբեր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօր բոլորը կարող են տեսնել Ռուսաստանի տարածքից դեպի մեր՝ ուկրաինական Ղրիմ տանող հիմնական ռազմական անցման համար ստեղծված հետևանքները»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ սա գործողության յոթերորդ փուլի արդյունքն է։ Այն մշակել և համակարգել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ, իսկ իրականացումը նախապատրաստվել է մի քանի շաբաթվա ընթացքում։
Ուկրաինայի նախագահը գործողությունն անվանել է աննախադեպ և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, Պաշտպանության ուժերի բոլոր ներգրավված ստորաբաժանումներին, պաշտպանության նախարարին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին և Գլխավոր շտաբին։ Առանձին շնորհակալություն է հայտնել հետախուզական ծառայություններին և զենքի յուրաքանչյուր արտադրողի։ «Մեր զինվորները փուլ առ փուլ ոչնչացրել են հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և վերջնական նպատակին հասնելու ճանապարհին գտնվող այլ նախանշված օբյեկտներ»,- պատմել է Զելենսկին։
«Մենք բազմիցս Ռուսաստանին առաջարկել ենք ապաէսկալացիայի քայլեր, սակայն բոլոր առաջարկներին ի պատասխան՝ լսել ենք միայն կտրական մերժումներ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նա պատմել է, որ Ռուսաստանն ամեն օր հարվածներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Զապորոժիեի, Դնեպրի, Կիևի և Օդեսայի մարզի կամուրջներին։ «Մենք վերականգնում ենք մեր ենթակառուցվածքները։ Բայց նաև հիշեցնում ենք Ռուսաստանին, որ պատերազմը միշտ վերադառնալու է այնտեղ, որտեղից սկսվել է։ Ուկրաինայի պաշտպանական ներուժը կա և բարձր մակարդակի վրա կմնա, և մենք երբեք անպատասխան չենք թողնի մեր քաղաքների ու մարդկանց դեմ իրականացվող ահաբեկչությունը»,- նշել է Զելենսկին։