Ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու, Շաքիում երեխաներին պատանդ վերցնելու և նրանց մորը՝ Անի Ավետիսյանին, հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը սեպտեմբերի 29-ին անհետացել էր ծառայության վայրից, իսկ հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել Հայաստանի տարածք նրա հնարավոր ներթափանցման մասին։ Նա կիլոմետրեր անարգել շրջել էր ՀՀ ինքնիշխան տարածքում, ներխուժել հայ ընտանիքի տուն, պատանդ վերցրել երեխաներին և կրակել նրանց մոր ուղղությամբ։ Անի Ավետիսյանը, պաշտպանելով երեխաներին, կարողացել էր չեզոքացնել զինված ադրբեջանցուն։
Չնայած դեպքի հանրային մեծ հնչեղությանը՝ պետական մարմինները մինչ օրս հանրությանը չեն ներկայացրել դեպքի ամբողջական հանգամանքները։ Ավելին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը չէր բացառել, որ ադրբեջանցին պարզապես մոլորվել և սոված մտել էր հայի տուն՝ հաց ուտելու։
Մինչդեռ Անի Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ․ օրերս նա կրկին վիրահատվել է, իսկ հարազատների փոխանցմամբ՝ վիճակն ավելի է վատացել։