«Շարունակում ենք միասին»․ Գագիկ Մաթևոսյանը կրկին առաջադրվում է Նոր Հաճնի համայնքապետի պաշտոնում

կողմից admin2

Նոր Հաճնի համայնքի գործող ղեկավար Գագիկ Մաթևոսյանը կրկին կմասնակցի համայնքի ավագանու ընտրություններին։ Դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նա հանդես կգա «Միասին հանուն համայնքի» կուսակցության ընտրական ցուցակով՝ գլխավորելով այն։

Իր որոշման մասին Մաթևոսյանը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջում՝ նշելով, որ առաջիկայում կներկայացնի ինչպես անցած տարիներին իրականացված աշխատանքները, այնպես էլ համայնքի հետագա զարգացման ծրագրերը։

«Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 13-ին կայանալիք Նոր Հաճըն համայնքի ավագանու ընտրություններին՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով «Միասին հանուն համայնքի» կուսակցության ընտրական ցուցակը։

Առաջիկայում ձեզ կներկայացնեմ անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև մեր համայնքի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները։
Ինձ համար միշտ կարևոր են եղել մարդկանց վստահությունը, անմիջական շփումը և յուրաքանչյուր բնակչի հոգսերին ու մտահոգություններին ուշադրությամբ վերաբերվելը։
Վստահ եմ, որ մեր համայնքի ապագան կառուցվում է համատեղ աշխատանքով, փոխադարձ վստահությամբ և միասնական ջանքերով»,- գրել է Մաթևոսյանը՝ իր գրառումն ամփոփելով «Շարունակում ենք միասին» կարգախոսով։

Գագիկ Մաթևոսյանը Նոր Հաճնի համայնքը ղեկավարում է 2009 թվականից։ Այս տարիների ընթացքում նա տարբեր քաղաքական ձևաչափերով մասնակցել է ընտրություններին՝ հիմնականում պահպանելով համայնքի ղեկավարի պաշտոնը։

2009 թվականին Մաթևոսյանն ընտրվել էր ԲՀԿ-ի ներկայացուցիչ՝ լինելով միակ թեկնածուն։ Նա ստացել էր 3679 կողմ ձայն։

2013 թվականի մայիսի 26-ին կայացած ընտրություններում Մաթևոսյանը ԲՀԿ-ի ցուցակով վերընտրվել էր՝ ստանալով 3758 ձայն։

2017 թվականի հունիսի 18-ի ընտրություններին նա հանդես էր եկել որպես ինքնաառաջադրված թեկնածու և ստացել 3073 ձայն, մինչդեռ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի օգտին քվեարկել էր 1319 ընտրող։ Այդ ժամանակ լրատվամիջոցները գրել էին, որ Մաթևոսյանը վայելում էր ԲՀԿ-ի, ինչպես նաև ոչ հրապարակային՝ ՀՀԿ-ի աջակցությունը։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած՝ խոշորացված Նոր Հաճըն համայնքի ավագանու ընտրություններում Մաթևոսյանը գլխավորել էր իր անունը կրող դաշինքը։

Այսպիսով, դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրությունները Գագիկ Մաթևոսյանի համար 2009 թվականից ի վեր հինգերորդ ընտրական մրցապայքարը կլինի։ Այս անգամ նա ընտրություններին կմասնակցի նոր քաղաքական ձևաչափով՝ «Միասին հանուն համայնքի» կուսակցության ցուցակով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode