«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Սա քննարկման ենթակա չէ։ Նրանք դա հասկանում և ընդունում են, պարզապես հրապարակավ չեն խոստովանում։ Նրանք կարող են ասել, որ համաձայն չեն, բայց իրականում լիովին ընդունում են դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը լիովին պատրաստ են և զինված են երբևէ ստեղծված լավագույն ռազմական տեխնիկայով, սակայն Վաշինգտոնը չի կարծում, որ դրա կիրառման անհրաժեշտություն կառաջանա։
«Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Վեց ամիս է՝ մենք ոչ մի զինվորի չենք կորցրել»,- նշել է Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է Իրանի համար։
«Մենք տեսնում ենք հակամարտության ավարտին ուղղված դրական զարգացումներ։ Կարծում եմ՝ այն բավական շուտով կավարտվի»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ ռազմական առումով հակամարտությունն արդեն կարելի է ավարտված համարել, և ԱՄՆ-ն պարզապես պահպանում է ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով նաև հարևան երկրների ցանկությունը։
Նա հայտնել է նաև, որ Իրանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ և դա անում է «շատ քաղաքավարի»։
ԱՄՆ նախագահը, անդրադառնալով երկու երկրների միջև երկարատև հակամարտությանը, հայտարարել է. «Այդ պատերազմը սկսվել է 1979 թվականին։ Մենք չենք սկսել այն։ Նրանք են սկսել»։
Թրամփը նաև պնդել է, որ Իրանում առնվազն 75 հազար ցուցարար է սպանվել՝ երկիրը բնութագրելով որպես «դաժան վայր»։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չի կարող որևէ բան երաշխավորել։
«Բայց եթե ստիպված լինենք վերադառնալ, մենք լիովին պատրաստ ենք և կարող ենք ցանկացած պահի գործել»,- ասել է նա։