30
ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել օրենսդրական կարգավորումները երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարած անձանց նկատմամբ։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատական պրակտիկայում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կամ անառակաբարո արարք կատարելու համար մեղադրվող անձինք քրեական պատասխանատվությունից ազատվում են տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։
«Հաշվի առնելով, որ այս հանցագործություններից տուժում են 16 տարին չլրացած երեխաները, որոնք ունեն առանձնապես անպաշտպան կարգավիճակ և մշտապես գտնվում են պետության հատուկ հոգածության ներքո, «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում ենք արգելել քրեական պատասխանատվությունից ազատումը հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել երեխաների սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ»,- նշեց նախարարի տեղակալը։
Առաջարկվում է նաև Քրեական օրենսգրքով նախատեսել նոր հոդված․ այժմ պատասխանատվություն է նախատեսված միայն մինչև 16 տարեկան անձանց սեռական ազատության կամ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների համար։ Մինչդեռ 16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը չի նշանակում, թե նա կարող է ներգրավվել իր համար վտանգավոր այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին պոռնկությունն է։ Նախագծում ընդգծվում է՝ պոռնկությունը վնաս է հասցնում ոչ միայն երեխայի բարոյականությանը, այլև լիարժեք զարգացմանը։
Օրենքով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել նաև պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։
ՆԳ նախարարի տեղակալը նաև վերջին տարիների վերաբերյալ վիճակագրություն ներկայացրեց։
2023թ․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ) 37 դեպք է գրանցվել, որից 7-ը կարճվել է հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով, 2024թ․-ին՝ 43 դեպք (4-ն է կարճվել), 2025թ․-ին՝ 29 դեպք, որոնցից 7-ն է կարճվել՝ կրկին գործուն զղջալու կամ հաշտվելու հիմքերով։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի հաճախ հենց փոքր համայնքներում է դեպքը կարճվում՝ սովորաբար ավարտվելով վաղ ամուսնություններով։
«Ինչը մեր դիտարկմամբ և միջազգային փորձով, նաև կոնվենցիոն բոլոր տեսանկյուններից անթույլատրելի է։ Մինչև 16 տարեկան չլրացած երեխայի պաշտպանությունն ամբողջ ծավալով պետք է հոգա պետությունը։ Ընդ որում` 14-16 տարեկան հասակում հաշտության կողմ հանդիսանում է հենց երեխան, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել 11, 12 կամ 13 տարեկան հասակում, բայց քննվում է կամ հայտնի է դարձել վերջինիս 14 տարին լրանալուց հետո, կրկին ինքն է հաշտության կողմը։ Դժվար է պատկերացնել, որ այդ տարիքի երեխան կարող է այդ խորությամբ որոշում կայացնել կամ ճշգրիտ զգացում և ընկալումներ ունենալ»,- նշեց նախարարի տեղակալը։
Նա շեշտեց՝ հաշտության հիմքով վարույթի կարճում այլևս չի լինի։
Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին։ ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ներառել գալիք լիագումար նիստերի օրակարգում։