«ՀՀ-ում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» ընդդիմության հայտարարության տեքստը մերժվեց

կողմից badoyan

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» հայտարարության տեքստը ներկայացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորը առանձնացրել է կալանքի՝ որպես խափանման միջոցի լայն կիրառումը, քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թվի կրկնապատկումը, ինքնասպանությունները, զանգվածային գաղտնալսումները և քաղաքական հետապնդումները։

Մի շարք ընդդիմադիրների անուններ թվարկելով՝ Գալստյանն ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելն ինքնին վկայում է քաղաքական հետապնդումների մասին»։

Գալստյանը հղում արեց նաև միջազգային զեկույցներին և փաստաթղթերին, որոնք անդրադառնում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի անկախությանը, պետական վերահսկողությանն ու ազատությունների սահմանափակմանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, չհամաձայնելով նախագծում ներկայացված մի շարք գնահատականների հետ, հակադարձեց. «Մի միջազգային զեկույց ասեք, որտեղ քաղբանտարկյալի անուն կա»,։

Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանը նշեց Արմեն Աշոտյանի անունը։

Քաղաքական հետապնդումների վերաբերյալ քննարկման համատեքստում հիշատակեց նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի և օրերս բանտում մահացած Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործերը։

Երկարատև քննարկումից հետո ՔՊ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode