«Նախընտրական ծրագրում նշել էիք՝ պետք է Ամենյան Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փոխվի։ Արդյո՞ք նախատեսում եք Սահմանադրության խախտում, քանի որ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, ի՞նչ գործիքակազմ եք նախատեսում այդ խախտումն անելու համար»,- ԱԺ-ում այս հարցը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն ուղղեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Արուսյակ Ջուլհակյանին։
Ջուլհակյանը հարցին ի պատասխան ասաց. «Ինչ վերաբերում է Կտրիճ Ներսիսյանին… խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ…»։
Այդ պահին ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ձեռքերով խփել սեղանին։
«Ես չեմ պատասխանում հարցին։ Ես ունեմ քաղաքական դիրքորոշում… »,- ասաց Ջուլհակյանը։
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն ընդհատեց Ջուլհակյանին՝ դիմելով ընդդիմադիրներին. «Երբ որ հնչեցնում եք հարցեր, ենթադրվում է, որ այդ հարցերին հնչելու են պատասխաններ, որոնք գուցե ձեր ճաշակին, ցանկություններին, քիմքին հաճո չեն։ Ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի դուք Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը չխանգարեք, իմանաք՝ ՔՊ գործընկերները կարող են բոլորով միասին արտաբերել այն անուն-ազգանունը, որը ձեզ մոտ առաջացնում է նման զգացմունքներ։ Կառավարեք ձեր զգացմունքները, ամբիոնից խոսացող պատգամավորին մի խանգարեք, ԱԺ նիստը մի փորձեք խափանել, դա կունենան կարգապահական հետևանք»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը տեղից արձագանքեց, Կոնջորյանն ասաց. «Պարոն Ղազինյան, խանգարում եք ԱԺ նիստի բնականոն ընթացքը և լռեք»։
Դահլիճում իրավիճակը սրվեց, Կոնջորյանը խնդրեց դադարեցնել տեղից քննարկումը. «Պահպանել լռություն»։
Արեգա Հովսեփյանն ասաց. «Տիկին Ջուլհակյան, ես ձեզ չեմ դիմում, օրինակ, տիկին Պողոսյան, որովհետև դուք տիկին Ջուլհակյանն եք ձեր անձնագրով։ Տարակուսելի կլինի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն չհարգի անձնագիրը, որում գրված է Գարեգին Երկրորդ։ Սա քաղաքական ճաշակ չէ, փաստաթղթի արձանագրում է»։