Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքի միացումը Նախիջևանին եղել է ադրբեջանական կողմի վաղեմի երազանքը։
Ալիևը, խոսելով Հորադիզ–Աղբենդ ավտոճանապարհի մասին, նշել է, որ նախագիծը գրեթե ավարտված է։ Նրա խոսքով՝ մնացել են միայն մի շարք մանր աշխատանքներ, իսկ երկաթուղու շինարարությունն ընթանում է արագ տեմպերով։
«Մենք ցանկացած պահի կարող ենք արագացնել այս նախագիծը։ Պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում հայկական հատվածի պատրաստ չլինելու պատճառով»,– ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տարածաշրջանում ունեն կշիռ, իսկ Նախիջևանի ռազմական ներուժն օրեցօր ամրապնդվում է։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Նախիջևանում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնք նպաստել են տարածաշրջանի զարգացմանը։ Ալիևը նաև ընդգծել է Նախիջևանի արևային էներգիայի մեծ ներուժը՝ նշելով, որ մոնիթորինգի և վերլուծության համաձայն՝ այն Ադրբեջանի տարածքում արևային էլեկտրաէներգիայի արտադրության համար ամենանպաստավոր վայրն է։
Ալիևը անդրադարձել է նաև տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի գնահատմամբ՝ տարածաշրջանում էներգետիկ ճգնաժամի խորացման ռիսկեր կան՝ պայմանավորված պատերազմներով, աճող ռիսկերով և էներգակիրների փոխադրման տրանսպորտային շղթաների հնարավոր խափանումներով։