«Փլեյ Սիթի»-ի տնօրեն Արշալույս Առաքելյանը մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հրանտ Անանյանը։
Փաստաբանի խոսքով՝ Առաքելյանը կալանավորվել է իբր հարկերից խուսափելու համար, սակայն իր պաշտպանյալը, ըստ նրա, ամբողջությամբ համագործակցել է քննության հետ։
«Իմ պաշտպանյալը ամեն կերպ փորձել է քննությանը աջակցել։ Համակարգիչներն են եկել առգրավել, համակարգիչների պարունակության վերծանման հարցում պատրաստակամություն է հայտնել աջակցել։ Բայց համակարգիչների որոշ ֆայլերի կամայական, խեղաթյուրված մեկնաբանության արդյունքում վարկած են ձևավորել, թե իբր հարկերից խուսափում է»,- նշել է Անանյանը։
Նրա խոսքով՝ առգրավված 10 համակարգիչներից քննության ընթացքում ուսումնասիրել են միայն երկուսը՝ այն էլ ոչ ամբողջությամբ։ Փաստաբանը պնդում է, որ իրենք առաջարկել են ուսումնասիրել նաև հիմնական համակարգիչը՝ քննությանը աջակցելու նպատակով։
Անդրադառնալով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու իրավաչափությանը՝ Անանյանը նշել է, որ հնարավոր էր կիրառել այլ խափանման միջոց։
«Միանշանակ կարելի էր խափանման այլ միջոց կիրառել։ 63 տարեկան մեծ մարդ է, տարբեր տեսակի հիվանդություններով, նրա կինն էլ վատառողջ է՝ օնկոլոգիական բազմաթիվ հիվանդություններով։ Կարծում եմ, որ այս գործը միանշանակ իրավական չէր»,- ասել է փաստաբանը։
Անանյանը հայտնել է, որ դատարանի որոշումը դեռ չեն ստացել։ Այն ստանալուց հետո, նրա խոսքով, որոշումը կբողոքարկեն։