Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական գործում ներգրավված է 60 քննիչ

կողմից admin

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե է մուտք արվել 2024 թվականի հունվարին,- Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը։

Նրա խոսքով, վարույթի շրջանակում արդեն իսկ հանրային քրեական հետապնդում էր հարուցված Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս մեկ անձի նկատմամբ։

«Այս պահին էլ 10 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված, բայց դեռևս նախաքննությունը ընթացքի մեջ է և դրվագներ կան, որոնցով դեռևս վերջնական գնահատականներ տրված չեն»,- ասել է Կոստանդյանը։

Նրա փոխանցմամբ, Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ապրիլին մեկ դրվագով, նրա նկատմամբ կիրառվել էր բացակայելու արգելքը։ Նոր հանգամանքներով պայմանավորված, մեղադրանքը փոփոխվել է,  քննիչը դիմել է դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Քննչական խմբի կազմում ներգրավված է 60 քննիչ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Focus Mode