Հայաստանում խաղաղություն է հաստատված․ Արարատ Միրզոյան

կողմից admin

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ։ Նրա խոսքով՝ եթե նախորդ տարի՝ օգոստոսի 8-ից հետո, քննարկումների հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդումն էր, ապա այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։Նրա գնահատմամբ՝ նոր իրողությունների պայմաններում փոխվել են նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները։ Նա ընդգծել է դիվանագիտական ծառայության կարևոր դերը՝ Հայաստանի անկախության և դիմակայունության հետևողական ամրապնդման գործում։

ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին ինտեգրվելու հեռանկարներին՝ նշելով, որ երկիրն այսօր ունի պատմական հնարավորություն, իսկ կառավարությունը հետևողական աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ գործընկերությունների խորացման ու կապերի դիվերսիֆիկացման հարցերը։ Առանձնահատուկ ընդգծվել է նաև տնտեսական բաղադրիչի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։

 

Focus Mode