Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, նախագահ Քոչարյանը գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում։
Այնտեղ, որտեղ չի հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը,- Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով, սա քաղաքական գործ է, հատկապես հետընտրական փուլում։ Ինչու պետք է հետընտրական փուլում, երբ արդեն ձևավորված իշխանություն կա, կարող ես քո արտաքին քաղաքականությունն իրականացնել, ներքին քաղաքականությունն իրականացնել, ինչ կարիք կա կալանքի տանել նախագահ Քոչարյանին։ Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ ՀՀ-ի և մեր ժողովրդի համար, մասնավորապես ադրբեջանական պահանջները Տիգրանաշենի հանձնման, որը Փաշինյանի թեթև ձեռքով մի օում դարձավ Քյարքի և պարզվեց, որ այն այլևս Հայաստանի տարածքային ամբողջականության մաս չէ, չնայած որևէ իրավական հիմք դրա համար չկա։ Ինչպես նաև Սահմանադրության փոփոխությունը։ Սա հստակ պահանջ է եղել Անկախության հռչակագրին հղումը հանել Սահմանադրությունից։ Հետևաբար պետք էր չեզոքացնել ընդդիմադիր քաղաքական դաշտում հիմնական դերակատարներից մեկին՝ նախագահ Քոչարյանին։
«Հաշվի առնելով, որ ՀՀ-ն Փաշինյանը փորձում է տանել ամբողջությամբ թուրքական ենթակայության տակ և դրա համար պետք է նաև թշնամանք հաստատել Ռուսաստանի հետ, ինչի նախանշանները տեսնում ենք, իսկ Քոչարյանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու օգտին, վստահաբար կարող ենք ասել, որ սա տնտեսական հարց չի, բառացիորեն քաղաքական հարց է»,- նշել է Աննա Գրիգորյանը։