ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը նրա կալանքի պայմաններում առողջական վիճակի հետ կապված լուրջ վտանգ է տեսնում և այդ հարցով արդեն դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նաև նշել է, որ նախկինում պաշտպանական կողմը փորձում էր հնարավորինս չհրապարակել Խաչատրյանի առողջության վերաբերյալ մանրամասները, սակայն այժմ որոշել է խոսել դրանց մասին, քանի որ, իրենց գնահատմամբ, իրավիճակն արդեն վտանգ է ներկայացնում նրա առողջության և կյանքի համար։
«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է տեղի ունենում, որը խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի արգելքն է»,– ասել է Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով, դեռ 2019 թվականից Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ բազմաթիվ բժշկական փաստաթղթեր են կազմվել։ Նրա ներկայացրած տվյալներով՝ այդ ընթացքում առողջապահության նախարարի հրամաններով անցկացվել է 3 բժշկական կոնսիլիում, ևս 3 դատաբժշկական եզրակացություն է տրվել։ Ըստ Սարգսյանի՝ դրանցում արձանագրվել է, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, և այն պետք է իրականացվի արտերկրում։
« 2026 թվականի վերջին դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի վիճարկվել, որ Խաչատրյանն ունի բազմաթիվ հիվանդություններ։ Պաշտպանական կողմը, սակայն, համաձայն չէ այդ փորձաքննության մյուս գնահատականների հետ»,– նշել է փաստաբանը։
Սարգսյանն կրկին անդրադարձել է ՄՌՏ հետազոտություններին՝ հակադարձելով այն պնդումներին, թե Խաչատրյանը չի անցել դատախազության պահանջած անհրաժեշտ հետազոտությունը։ Նրա խոսքով՝ 2019 թվականից ի վեր քննության կողմի պահանջով Խաչատրյանը մոտ 6–7 ՄՌՏ է անցել, այդ թվում՝ 2020, 2021 և 2025 թվականներին։ Բացի այդ Խաչատրյանը, սեփական նախաձեռնությամբ ևս մոտ 5–6 ՄՌՏ հետազոտություն է անցել։ Փաստաբանի պնդմամբ՝ քննության կողմն ունի այդ բոլոր հետազոտությունների արդյունքները։
Միաժամանակ Սարգսյանը հաստատել է, որ Խաչատրյանը չի անցել 2026 թվականի հուլիսին նշանակված վերջին ՄՌՏ-ն։ Նա դա բացատրել է առողջական ռիսկերով։
Նա հիշեցրել է նաև 2026 թվականի հունիսի 5-ի և 7-ի դեպքերը։ Պաշտպանական կողմի ներկայացմամբ՝ հունիսի 5-ին Խաչատրյանին պատգարակով տեղափոխել են քննչական կոմիտե, ապա դատարան ոչ բժշկական մեքենայով։ Հունիսի 7-ին նրան կրկին տեղափոխել են։ Սարգսյանի խոսքով՝ այդ ժամանակ արդեն Խաչատրյանի առողջական վիճակը զգալիորեն վատացած էր։
Փաստաբանը շեշտել է, որ տարիներ շարունակ նոր փորձաքննություններ և հետազոտություններ նշանակելը հիմնավորված չէ, քանի որ նախկին ուսումնասիրություններն արդեն արձանագրել են վիրահատության անհրաժեշտությունը։
«Գիտենք, որ վիրահատության կարիք կա, գիտենք, որ առանց վիրահատության հիվանդությունը չի բուժվում, բայց ամեն անգամ ասում են՝ մի հետազոտություն էլ անցեք։ Մինչև ե՞րբ պետք է նույն բանը ապացուցենք»,– ասել է Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ քննության կողմի նման գործելակերպը չարաշահում է։ Սարգսյանը նաև նշել է, որ նախկինում ինքն է Խաչատրյանին հորդորել այլևս չանցնել հերթական հետազոտությունները, սակայն Խաչատրյանը համաձայնել է՝ հույս ունենալով, որ դրանց արդյունքներից հետո իր առողջական վիճակի վերաբերյալ կասկածներ չեն մնա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին փաստաբանական խումբը հայտնել էր, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։ Նրանց խոսքով` Գագիկ Խաչատրյանն ունի նաև շաքարային դիաբետ, ուսահոդի, շագանակագեղձի, սրտի հետ կապված խնդիրներ։
ՊԵԿ նախկին նախագահը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն՝ նրան մինչ օրս բժիշկ չի այցելել, փաստաբանները նրան տեսակցել են խցում։ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։