Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Սեպտեմբերի 27-ին` 44֊օրյա պատերազմը սկսվելու 6֊րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։
Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27–ին, Հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Թաթա Սիմոնյանի համերգը, որը հանրության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել։ Երևույթին արձագանքել է նաև Թաթան, նշելով, որ նման օրով իր համերգը ցուցադրելը կոպիտ սխալ է. «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը: Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու»։
Ավելի ուշ ներողություն է խնդրել նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ նշելով. «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։