ԱԱԾ-ն 2026-ին 573 քրեական վարույթ է նախաձեռնել

կողմից admin

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքն ու նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությունը։

ԱԱԾ-ի տվյալներով՝ տարվա առաջին վեց ամիսներին առերևույթ հանցանքի մասին նախաձեռնվել է 573 քրեական վարույթ։

Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 վարույթ։ Դրանցից 4-ը վերաբերում են պետական դավաճանությանը, 5-ը՝ լրտեսությանը, ևս 5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն, իսկ 2-ը՝ ապօրինի ձեռք բերված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն։

Մեկական վարույթ էլ նախաձեռնվել է պետական դավաճանության և լրտեսության փորձի, լրտեսության փորձի, ինչպես նաև պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության և սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության հատկանիշներով։

Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ։ Դրանցից մեկը՝ ահաբեկչության նախապատրաստության, երկուսը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, իսկ երեքը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հատկանիշներով։

Պետական սահմանի պահպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ բացահայտված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 197 վարույթ։ Դրանցից 97-ը վերաբերում են պետական սահմանն ապօրինի հատելուն, 83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ ու ձևաթղթեր կեղծելուն կամ դրանք պատրաստելուն, իրացնելուն կամ օգտագործելուն, իսկ 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպմանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված նախաձեռնվել է 44 քրեական վարույթ։ Դրանցից 28-ը վերաբերում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և իրացմանը, 12-ը՝ մաքսանենգությանը, իսկ 4-ը՝ ապօրինի շրջանառությանը։

Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ։ Դրանցից 23-ը վերաբերում են ընտրակաշառք ստանալուն և/կամ տալուն, 3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն, ևս 3-ը՝ ընտրական կամ հանրաքվեի մասնակցության իրավունքի իրականացմանը և ընտրական գործընթացներին խոչընդոտելուն։

ԱԱԾ-ն հայտնել է նաև փողերի լվացման, ֆինանսական բուրգերի ստեղծման, պաշտոնեական կեղծիքի, կաշառք տալու կամ ստանալու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնված վարույթների մասին։

ԱԱԾ-ի հրապարակած տվյալներում անդրադարձ կա նաև վերջին շրջանում լայն արձագանք ստացած վարույթներին։ Պետական դավաճանության, լրտեսության և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով վարույթներ են հարուցվել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։ Իսկ ահաբեկչության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված վարույթը վերաբերում է Բագրատ Սրբազանին և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 անդամներին։

Focus Mode