51
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ առողջական վիճակին։
Գրառման մեջ նախարարը, սակայն, չի նշել ոչ ադրբեջանցու, ոչ Շաքի գյուղի մասին, նշելով պարզապես <<երեկվա դեպքից տուժած>> կնոջ առողջական վիճակը։
Նաև հորդորել է լրագրողներին հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Ֆեյսբուքի օգտատերերի մոտ հարց է առաջացել, թե ինչ դեպքի մասին է խոսքը, ինչու չի հստակեցվում, որ Հայաստանի սահմանը հեշտորեն հատած ու հրազենով սեփական տանը հայ կնոջը վիրավորում հասցրածը ադրբեջանցի է։
<<Ընդհանուր որոշում կա՞ ազիկի անուն չտալ, վերջում էլ երևի կասեն` նա մեղավոր չէր, էդ կիննա դրդել…հենա` էսօր վարչական ղեկավարն էլ, 7 ձևով հարց տվին, «ադրբեջանցի» բառը չասեց>>,- վրդովվել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր գրել է․ <<Ոնց որ Հ1-ի համերգից հետո արված հայտարարությունը լինի։ Ի՞նչ դեպք, ինչո՞ւ չեք մանրամասն գրում։ Սովորական բանա՞ եղել․․․թե բա դեպք>>։
Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Պարզվել է, որ ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։ Ըստ ՀՀ ԱԱԾ-ի՝ այդ մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:Նշենք նաև, որ բացի կնոջից, մարմնական վիրավորում են ստացել նաև նրա երկու երեխաները: Նրանք տեղափոխվել են Երևան՝ բժշկական կենտրոն։