«Արցախյան հիմնահարց» առարկան հանվե՞լ է կամընտրական առարկաների ցանկից

կողմից admin

Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Արցախյան հիմնահարց» առարկան հանվել է կամընտրական առարկաների ցանկից։

Տարիներ շարունակ չորրորդ կուրսի ուսանողները հնարավորություն են ունեցել, որպես կամընտրական առարկա, ուսումնասիրելու «Արցախյան հիմնահարց» առարկան:

Ֆակուլտետի ուսանողները «Հրապարակին» պատմել են, որ դեկան Տիգրան Եփրեմյանը, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, այս տարի ուսանողներին ասել է, որ, պետք է այլ առարկա ընտրեն:

Հրապարակի հետ զրույցում, դեկանը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ դեռ ուսումնական տարին չի մեկնարկել, եւ նման հարց չէր կարող քննարկվել: Սակայն նման որոշումները ուսումնական տարվա մեկնարկից առաջ էլ կարող են կայացվել:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունից, հրաժարվում է Արցախից, հրաժարվում է Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների վերադարձի հարցից, այլեւ կրթական դասագրքերից փորձում է հանել Արցախյան ազատամարտի էջերը:

Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հպարտանում է, թե մեզ ազատել է Արցախի «թակարդից» ու «իրական Հայաստան» է կերտում: Նա ամենաբարձր ամբիոն­ներից հայտարարել է, որ այլեւս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, եռանդով վերացնում է Արցախի բոլոր ինստիտուտները եւ Արցախի մասին հիշողությունները, անգամ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, ոչ մի ուղերձ չի հնչում,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode