Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանի ղեկավարությանը․ Զախարովա

կողմից admin

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը առավելագույն պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները․ այն իրականացրել է ավելի քան 30 մլրդ ռուբլու ներդրումներ, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան իբր խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, պարզապես ամոթ է այս ամենը լսելը։

«Միևնույն ժամանակ հայկական կողմը դժվարանում է ներկայացնել հակափաստարկներ, հիմնավորումներ, փաստեր, որովհետև դրանք պարզապես չկան»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում և պահանջում են նրանից վերացնել այսպես կոչված ռուսական գործոնը տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ՝ տնտեսական նպատակահարմարության ոչ տեսանելի նախագծերին միացնելու պայմանով։ Սա լիովին հարիր է արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերին՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար։ Թե դրանից որքան կտուժի Հայաստանը, կարծում եմ, բառացիորեն բոլորին ակնհայտ է։

Հիշեցնենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցի մասին Փաշինյանն առաջին անգամ խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։

Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկել էր վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։

Հիշեցնենք նաև, որ հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 2008 թվականի փետրվարին 30 տարով, ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։

Focus Mode