Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց յոթ օրենսդրական նախագծերից բաղկացած փաթեթը, որը վերաբերում է TRIPP նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծման իրավական հիմքերին։
Փաթեթին կողմ քվեարկեցին 64 պատգամավորներ, դեմ ձայներ չեն եղել։
Նախագծով առաջարկվում է սահմանել մշտական օրենսդրական կարգավորում՝ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված այն ընկերությունների համար, որոնցում պետության բաժնեմասը կազմում է առնվազն 25 տոկոս։
Կառավարության գնահատմամբ՝ փոփոխությունները թույլ կտան ստեղծել TRIPP նախագծի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։
Արտահերթ նիստում օրինագծերի փաթեթը ներկայացնում էր արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
Խորհրդարանական ընդդիմությունը չէր մասնակցում օրինագծերի փաթեթի քննարկմանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հաղորդմամբ՝ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր՝ երեք ժամ անց։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ստորագրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Խորհրդարանն անցած ամսվա վերջին էր վավերացրել TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը՝ ձայների 63 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը դեմ էին քվեարկել:
Նկատենք, որ միջպետական այս փաստաթղթով ամրագրվում է, որ Հայաստանը անխոչընդոտ կապ է տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքով Նախիջևան հասնելու համար՝ Հայաստանի համար փոխադարձ առավելություններով: