Դա բարեվարքության կանոնների խախտում էր. Կարապետյան

կողմից admin

Արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն այս դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն, պարո՛ն Կարապետյան, ձեր խմբակցության ներկայացուցիչների կողմից. մեկը՝ ձեր, մյուսը՝ էդգար Ղազարյանի: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին:

«Մենք շատ համբերատար մարդիկ ենք, բայց ունենք պրոբլեմ, մեծ պրոբլեմ, որովհետև պետք է ուղիղ ձեզ ասեմ, որ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի՝ այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը: Էդգար Ղազարյանը և իր պահվածքը մեծագույն պրոբլեմ են այս դահլիճում»,- ասաց նա՝ հավելելով, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր «անդաստիարակ» արտահայտության համար:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նկատեց՝ երկու դեպքերը համեմատելը տեղին չէր, քանի որ առաջին միջադեպը լուծված է:

«Որպեսզի լինենք արդար, ես, մեր խմբակցությունը ինչ-որ չափով կիսում ենք գործընկերների մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահենք: Դրանից հետո ձեր որոշումը ձեր որոշումն է»,- ասաց նա:

Ռուբեն Ռուբինյանը խնդրեց գնահատական տալ տեղի ունեցածի վերաբերյալ, Նարեկ Կարապետյանը արձագանքեց. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ դահլիճում. «Հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում ԱԺ դահլիճում, և ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական և ոչ քաղաքական թևերը կփռեն նրա վրա»։

Focus Mode