Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

կողմից admin2

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը։

Նախորդ նիստին, պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդել էր դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել վարույթը՝ ի թիվս այլնի հիմքում դնելով նույն արարքի համար կրկնակի դատվելու հանգամանքը։ Մասնավորապես, այժմ Սերժ Սարգսյանին մեղադրում են մի բանի համար, որով քրեական գործը նախկինում դատախազը կարճել էր։ Պաշտպանը հիշեցրել է, որ Սահմանադրության 68-րդ հոդվածն արգելում է նույն արարքի համար կրկին մեղադրանք ներկայացնել, իսկ 2-րդ մասը ասում է` եթե կան նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, ապա կարող է գործ հարուցվել, իսկ հիմա որևէ նոր փաստ չկա, այլ նախկին իրավական գնահատականի հետ կա անհամաձայնություն: Դատարանն այսօր որոշեց մերժել միջնորդությունը։ Նախագահողը նաև նշել է, թե մեղադրական եզրակացության մեջ դատախազը նշել է, թե Պաշտպանության նախարարությունը չի տեղեկացվել նախորդ դատական գործընթացի մասին և չէր կարող բողոքարկել, իսկ բողոք է ներկայացրել տեղեկանալուց հետո, մինչդեռ, այս գործով ՊՆ-ն դատավարական սուբյեկտ չէ։

Նշված քրեական վարույթը, որով հետապնդում է իրականացվում Սերժ Սարգսյանի նկատմամբ, վերաբերում է «Սև Բերդ» ամրոցի օտարմանը։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 147 և 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումների պահանջները և ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները’ 22 մլն 951 հզր 500 ՀՀ դրամով ֆիզիկական անձի օտարել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի «Սև Բերդ» ամրոցը և հարակից հողատարածքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode