Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան
️ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում ՀՀ քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ։
Այս հարցին պետք է տրվի ոչ թե քաղաքական, այլ իրավական պատասխան։ Եթե նման արգելք սահմանող որևէ օրենք չկա, ապա ինչո՞ւ է մեր օրինական այցը ներկայացվում որպես քաղաքական գործողություն կամ առավել ևս՝ «նոր հեղափոխություն» կազմակերպելու փորձ։
Մեր այցը Տիգրանաշեն եղել է ամբողջությամբ սեփական նախաձեռնությամբ և բացառապես հովվական նպատակով։ Խոսքը մեկ տուն, այն էլ՝ հոգևորականի հարազատի ընտանիք այցելելու մասին է։ Ո՛չ քաղաքական հավաք է եղել, ո՛չ կազմակերպչական գործողություն, ո՛չ էլ որևէ «հեղափոխության» նախապատրաստում։