«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝ տեղեկությունը նշելով, որ իր սեփական դիմումի համաձայն է ազատվել։
Հիշեցնենք, որ դեռ 1 տարի առաջ՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, ՀՀ Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի էր ունեցել Կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ Կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհվել են շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։ Եվ ահա իշխանությունները պարգևատրեցին նաև Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանին։
Եվ 1 տարի անց նա լքեց համակարգը, ինչը խիստ առեղծվածային է. ինչու նա պետք է լքեր Կոմիտեն։
Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց 2025 թվականի հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո։
1,5 տարի է՝ նա կալանքի տակ է, իսկ գործը Հակակոռուպցիոն դատարանում է»։