«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մայիսի 17-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Երևանում՝ Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել։ Բախվել էին «Mercedes-Maybach» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հինգ անձ ճանաչվել է տուժող։
Վթարից հետո «Shamshyan.com»-ը գրել էր, որ պարեկային և քննչական մարմինների մոտ կասկածներ են առաջացել, թե «Mercedes-Maybach»-ը դեպքի պահին կարող էր վարել ոչ թե պաշտոնապես որպես վարորդ ներկայացված անձը՝ Արմեն Գ.-ն, այլ մեկ այլ անձ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Mercedes-Maybach»-ը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին, որը վթարի պահին եղել է մեքենայում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մեքենան վարել է նրա հետ գտնվող կինը։
Դեպքից շուրջ երեք ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել է Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ արդյունքներ են արձանագրվել քննության ընթացքում և, մասնավորապես, պարզվե՞լ է արդյոք, թե իրականում ով է եղել «Mercedes-Maybach»-ի ղեկին վթարի պահին։