Հովիկ Աբրահամյանի անունը շոշափող նոր քրեական վարույթով կզբաղվի Հակակոռուպցիոն կոմիտեն

կողմից admin1

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը շոշափող նոր քրեական վարույթը՝ առևանգման փորձի, խարդախության, կաշառքի վերաբերյալ՝ Քննչական կոմիտեից տեղափոխվեց Հակակոռուպցիոն կոմիտե, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 36-ամյա տղամարդը հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը՝ հայտնելով, որ 2025 թվականի ապրիլ ամսին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ցուցումով Երևանում իր հետ համատեղ բնակվող իր քրոջ՝ Ալլայի անվամբ Հայաստանում հիմնել են «Սմարթ Կարգո» ընկերությունը, որը պետք է զբաղվեր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան շաքարավազ ներկրելով։ Մամուլում շրջանառվող լուրերով՝ տղամարդը հայտնել է, որ այդ ամենը գլուխ բերելու համար գումարը պետք է ներդներ Հ. Աբրահամյանը, ով սակայն չնչին գումար է ներդրել, իսկ որոշ ժամանակ անց ընկերությունից հանել է ողջ գումարը։ Ըստ տղամարդու վարկածի՝ Հովիկ Աբրահամյանի ցուցումով և միջնորդությամբ վերցրել է 470 միլիոն դրամ վարկ, սակայն ստեղծվել են սնանկության հատկանիշներ, ինչի արդյունքում իրեն պատճառվել է գույքային վնաս՝ բաց թողնված օգուտի ձևով, որը կազմել է շուրջ 6-7 միլիոն դոլար, և այդ ամենը պատճառվել է պայմանագրերով նախատեսված 100 հազար տոննա շաքարավազի խմբաքանակը չներմուծելու արդյունքում օրական շուրջ 16 միլիոն դրամ տուժելու ձևով։

Տղամարդը հաղորդմամբ նշել է, որ Հ. Աբրահամյանը 2026 թ. մայիս ամսից իրենից պահանջել է, որ առհասարակ չզբաղվի շաքարավազի ներկրմամբ, միայն միջնորդ լինի, որ շաքարավազ ներկրի ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դիմաց առաջարկել է 15-20 հազար դոլար գումար, քանի որ դա 30 տարուց ավելի համարվել է Սամվել Ալեքսանյանի բիզնեսը, հակառակ դեպքում իրեն սպառնացել է, որ ոտքերը կջարդեն կամ մի օր մի տեղ կխփեն։

Հաղորդման առթիվ ՔԿ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդ առևանգելու փորձի, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով շորթման, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու և մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

ՔԿ-ն քրեական վարույթն ուղարկել էր հսկող դատախազին՝ քննչական ենթակայությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։ Գործն ուղարկվել է ՀԿԿ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode