«Հրապարակ»․ -ը գրում է․ «Ի՞նչ պատկեր ունի խտրականությունը Հայաստանում, եւ ի՞նչ են ցույց տալիս համապետական ուսումնասիրության արդյունքները» թեմայով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն, որի տվյալներն օրեր առաջ ցուցահանդեսի տեսքով ներկայացվեցին Սիրահարների այգում։
Միջոցառմանը ներկա էին նաեւ գործադիր եւ օրենսդիր մարմինների կանայք, որոնք սրտառուչ հայացքներով դատապարտում էին ներկայացված վիճակագրությունը, այն դեպքում, երբ նրանցից ոմանք խտրականության «աստվածներ» են` բառի բուն իմաստով։ Օրինակ, արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի իմաստով: Ուսումնասիրության արդյունքներով՝ արցախցիներն արժանանում են հանրության 32.4 տոկոսի խտրական վերաբերմունքին, եւ արցախցիներին թիրախավորելն առաջին հերթին իրականացվում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի կողմից ու խրախուսմամբ: 2023-ից սկսած, նրանց պարբերաբար մեղադրել են չկռվելու, հայրենիքը հանձնելու, փախուստի դիմելու եւ անգամ չզոհվելու մեջ, եւ հանրությունն էլ էստաֆետը սիրով վերցրել է։