Իրանի փոխնախագահը Երևանում է. վաղը ՀՀ-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ է կայանալու

կողմից badoyan

Նոյեմբերի 10-ին Երևանում կանցկացվի ՀՀ-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը և կարևորել Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները հաջողությամբ իրականացնում են համատեղ ծրագրեր տարբեր ուղղություններով և նշել, որ դրանք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։

Նիկոլ Փաշինյանն ու Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանը, ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ «Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող  հնարավորությունների շուրջ»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա հիմնված տնտեսական օրակարգը և համագործակցության ընդլայնման ընդհանուր շահագրգռվածությունը, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունները նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապակցվածության մի շարք հարցերի շուրջ և արձանագրել, որ կայունության ամրապնդումը, տնտեսական կապերի զարգացումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների համար։

Փոխվարչապետ Գրիգորյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին գոհունակություն են հայտնել ս․թ նոյեմբերի 10-ին Երևանում անցկացվելիք ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode