Իրավական գործընթաց է սկսվել՝ կաթուցիչով ինչ-որ բան ծխող երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ տեսանյութի տարածումից հետո, այս մասին B24.news-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանն անձամբ է դիմել ոստիկանություն և հաղորդում տվել՝ իր մասնակցությամբ տեսանյութի առնչությամբ։
Հարուցվել է քրգործ՝ ՔՕ-ի 258-ի 1-ին մասով (շորթում), 195-ի 2-րդ մասի 6-րդ կետի (ֆիզիկական ներգործություն՝ մերձավոր ազգականի կողմից), 194-ի 2-րդ մասի 4-րդ կետի (հոգեկան ներգործություն՝ մերձավոր ազգականի կողմից), 196.1-ի 2-րդ մասի 4-րդ կետի (հետամտում՝ մերձավոր ազգականի կողմից) հատկանիշներով։
Հիշեցնենք, համացանցում հայտնված տեսանյութից երկու ժամ անց էր եղել կնոջ արձագանքը, նա չէր հերքել, որ թմրանյութի նմանվող զանգված օգտագործող կինը տեսանյութում ինքն է, պարզապես ներողություն էր խնդրել հանրությունից և մեղադրել էր նախկին ամուսնուն, թե այդ նա էր նկարել 7-8 տարի առաջ՝ իր հեռախոսով և մինչ օրս շանտաժի ու հետապնդումների համար տարբեր մեթոդների է դիմում։
Ենթադրվում է, որ չի ուշանա Իրինա Մկրտչյանի նախկին ամուսնու ձերբակալումը՝ ենթադրյալ բռնության ու շանտաժի համար, իսկ ինքը՝ կրթօջախի տնօրենը, փաստորեն, լիովին պաշտպանված է։
Նա տող անգամ չէր գրել իր հեռանալու մասին, իսկ ահա նրա վերադասը համարվող Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանն իր պարզաբանման մեջ գովեստի խոսքերով էր բնութագրել տիկնոջ աշխատանքը ու հայտնել էր իր աջակցությունը։ Նա անդրադարձել էր Իրինա Մկրտչյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ հանրային քննարկումներում անհրաժեշտ է առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։ Ազարյանը նաև իր անվերապահ աջակցությունն է հայտնել տնօրենին։
«Հատկապես աշակերտների ապագայով այդքան մտահոգ շրջանակների համար մեկ փաստ արձանագրեմ․ տնօրենի նշանակման պահին դպրոցն ուներ 185 սան, այսօր՝ ավելի քան 960։ Ընդ որում, այս պահին դեռ տասնյակ ընդունելության դիմումներ կան։ Կարծում եմ՝ սա տնօրենի աշխատանքի և արձանագրված իրական արդյունքի մասին ամենախոսուն փաստն է», գրել էր Ջուլիետա Ազարյանը։
Սյուզի Բադոյան