Կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը… բայց գրում են՝ տարոսը քո երեխային. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին

կողմից badoyan

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

Նա նշել է, որ տեսախցիկը ֆիքսել է, որ Գևորգյանի գանգատից հետո ծառայողը մոտեցել է խցին, այնուհետև նա կանչել է բուժսպասարկումն իրականացնող անձին, վերջինս մտել է խուց, դրանից անմիջապես հետո կանչվել է շտապօգնություն։

Արձագանքելով ընդդիմության քննադատություններին՝ Գալյանն ասաց. «Շատ լավ է, որ ընդդիմությունն այսքան բարձրաձայն խոսում է մահվան դեպքի հետ կապված, այն մեզ ստիպում է շատ ավելի զգոն և աչալուրջ լինել, մի քանի անգամ մեր գործողությունները ստուգել։ Վատ է, որ միայն մեկ մահվան դեպքով են խոսում, մենք բոլոր մահվան դեպքերով ենք անհանգստանում և սա տարվա ընթացքում 4-րդ մահվան դեպքն է»,-ասել է Սրբուհի Գալյանը։

Նա հայտնել է, որ դիմել է առողջապահության նախարարին և տեղեկացել, որ Արսեն Գևորգյանի բժշկական քարտերում սրտի իշեմիկ հիվանդության մասին գրանցումներ չեն եղել, դատական նիստում էլ նա չի ասել որևէ բան։

«Ինքնազգացողությունը վատացել է հենց այդ օրը և այդ ժամին, րոպեների ընթացքում նրան է մոտեցել ՔԿՀ-ի աշխատակիցը և հերթապահություն իրականացնող բուժսպասարկող անձը»,- ասել է նա։

«Մեր գործառույթը սկսվում և ավարտվում է այն կետում, որ մենք պետք է ապահովեինք խափանման միջոցի կրման պատշաճ պայմաններ, և պետությունը ապահովեր պատշաճ բժշկական սպասարկում։ Տեղի ունեցածը շատ վատ դեպք է, ոչ մեկն այլ բան չի կարող ասել, մեր պարտականությունն է համոզված լինելը, որ մենք չենք հապաղել։ Շատ նուրբ և շատ էմոցիոնալ հարց է: Ցավալի է, որ թիրախավորվում են նաև ծառայողները, թիրախավորում եմ նաև ես։ Շատ ծանր հարց է, նաև ինձ համար: Ես կարող եմ հասկանալ ժողովրդի նյարդային լինելը, իհարկե, միշտ սահմաններ կան, որը խորհուրդ չի տրվում անցնել: Ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, բայց հիմա, օրինակ, երբ գրում են՝ տարոսը քո երեխային»,- հուզված նշել է Գալյանը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode