Մոսկվայից հնչած նախազգուշացումներից հետո Կոպիրկինն այցելել է ռուսական կապիտալով աշխատող կոմբինատներ

կողմից admin3

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի առաջատար հանքարդյունաբերական ձեռնարկություններ՝ Զանգեզուրի և Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատներ, որոնք նշանակալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Նման հայտարարություն է տարածել դեսպանատունը։

Ըստ հաղորդագրության՝ ձեռնարկությունների ղեկավարությունը Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարին ներկայացրել է արտադրական ծավալների ավելացմանն ու բնապահպանական կայունության բարելավմանն ուղղված տեխնոլոգիական գործընթացների արդիականացման ընթացքը, ինչպես նաև տեղեկություններ տրամադրել տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ աշխատանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Երևանին ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդերական զավթումներից ձեռնպահ մնալու վերաբերյալ։

«Հայաստանի տնտեսության համար նման մարտավարությունը փաստացի կնշանակի «կրակել սեփական ոտքին»՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները և զգալի ներդրում ունի Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորման գործում»,-ասել էր նա։

Շևցովը հայտարարել էր՝ նշաններ կան, որ հանրապետության ներքին արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտները կարող են դառնալ հաջորդ թիրախները։

Ըստ նրա, ներկայում շրջանառվում են պնդումներ՝ կապված ֆինանսավորման խնդիրների, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի և աշխատողների ցածր աշխատավարձերի հետ։

Աղբյուրը` Panorama.am

Focus Mode