«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 29-ին Հայաստանի յոթ մարզի 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Ընտրապայքարը հատկապես հետաքրքիր է լինելու այն համայնքներում, որտեղ իշխանության՝ ՔՊ-ի թեկնածուները մրցելու են գործող համայնքապետերի կամ ընդդիմադիր ուժերի հետ։ Իսկ որոշ համայնքներում ընտրողներին ընդհանրապես ընտրության հնարավորություն չի տրվելու․ գրանցվել է ընդամենը մեկ քաղաքական ուժ։
Առանձնահատուկ իրավիճակ է Աշտարակում, Ապարանում և Աշոցքում։ Այս երեք համայնքներում գրանցվել է ընդամենը մեկ ընտրական ցուցակ։ Աշտարակում և Աշոցքում դա ՔՊ-ի ցուցակն է, իսկ Ապարանում՝ «Համերաշխություն» դաշինքը։ Այս համայնքներում քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկել միակ ուժի օգտին կամ դեմ։ Սա, իհարկե, ընտրական մրցակցության տեսանկյունից բավականին ուշագրավ իրավիճակ է։
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 29-ին ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ և Մեծաձոր, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք, Սյունիքի մարզի Կապան և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։
Ընտրությունների գլխավոր ինտրիգը, սակայն, Կապանն ու Սևանն են։ Այստեղ ՔՊ-ի հաջողությունը կամ ձախողումը կարող է լուրջ քաղաքական ազդակ դառնալ։ Եթե գործող համայնքապետերն ու ընդդիմադիր ուժերը կարողանան պահպանել իրենց դիրքերը, ապա իշխանությունը ստիպված կլինի արձանագրել, որ ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական ազդեցությունը բոլոր համայնքներում միանշանակ չէ։
Մի բան ակնհայտ է՝ նոյեմբերի 29-ին ընտրողների քվեն որոշելու է ոչ միայն համայնքների ավագանիների կազմը, այլև այն, թե առաջիկա տարիներին որ քաղաքական ուժն է ունենալու տեղական իշխանության հիմնական լծակները»։