Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

կողմից admin3

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Շիրակի մարզպետի աղմկահարույց հայտարարությանը՝ նշելով, որ նրա խոսքերը նախևառաջ նվաստացրել են հայ ժողովրդին։ Գրում է24news.am-ը։

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անթույլատրելի է համարել «սլավոնական բնակչության նկատմամբ հիտլերականների հայտնի նվաստացուցիչ հռետորաբանության նեոնացիստական կրկնումները»։

Նա հիշեցրել է, որ խորհրդային զինվորների թվում, որոնց նացիստներն անվանում էին «Իվաններ» կամ «կարմիր Իվաններ», շուրջ կես միլիոն էթնիկ հայ է եղել։

Զախարովան նաև թվարկել է հայտնի հայ գործիչների անուններ, որոնք, նրա խոսքով, իրենց անվանել են Իվան՝ մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի, պետական գործիչ Իվան Թևոսյան, ծովակալ Հովհաննես Իսակով և այլք։

«Հովհաննես՝ հենց այսպես է հայերեն հնչում Հովհաննես Մկրտչի անունից ծագող Իոանն անունը։ Եվ հենց դրանից էլ առաջացել է Իվան անունը։ Այն անունը, որն այդքան դուր չի եկել Շիրակի մարզպետին։ Դե ինչ, ես նրան կպատմեմ իր ժողովրդի և իր երկրի պատմությունը։ Չէ՞ որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն Իվան էր անվանում»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պատասխանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, գրել էր, որ «Գյումրին ձեր Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները՝ ձեր «Իվանները» չեն»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode