Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվելու։ Factor TVFactor TV-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա պարզաբանել է, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության. «Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու և կրոնական կազմակերպությունների հավասարության վերաբերյալ դրույթ: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին․․․ օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատել է. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։
Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին, նախարարը հիշեցրել է, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ. «Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որ եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Ազգային անվտանգության ռազմավարությունը ներկայացնելիս հայկական ազգային արժեքների շարքում հիշատակել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։ 2025 թվականի հունիսին Ալեն Սիմոնյանը, որն այդ ժամանակ դեռ պաշտոնավարում էր որպես ԱԺ նախագահ, չէր բացառել, որ նոր Սահմանադրությամբ կվերանայվի Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը։
Գործող Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։