Նոյեմբերի 1-ից Հայաստանում ներդրվելու է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը։ Նոր նմուշի կենսաչափական անձնագրի արժեքը սահմանվել է 28,650 դրամ, իսկ նույնականացման քարտինը՝ 5,950 դրամ։
Այն արցախցիները, որոնք դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար և անձնագիրը կստանան նոյեմբերի 1-ից հետո, նոր նմուշի կենսաչափական անձնագրի համար ևս կվճարեն 28,650 դրամ, հայտնել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիների համար, իսկ անձնագիրն անհրաժեշտ է լինելու արտերկիր ճամփորդելու համար։
Միևնույն ժամանակ, արցախցիների համար «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվելու։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության իրազեկման համաձայն՝ այդ անձնագրերը շարունակելու են տրամադրվել նույն պայմաններով։ Դիմումների ընդունումն ու փաստաթղթերի տրամադրումը կշարունակվեն ծառայության գրասենյակներում։