24
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ երբևէ չի աջակցելու «ալիևյան Սահմանադրության» ընդունմանը, քանի որ որևէ երաշխիք չկա, թե դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի նոր պահանջ չի ներկայացնի։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում Հայաստանն այլևս զիջելու բան չունի, ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք։ Ադրբեջանն ամեն անգամ տեսնում է, որ կարող է ևս մեկ բան վերցնել, դրա պատճառով է, որ մենք այսօր ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, և չունենք խաղաղություն․․․ Ադրբեջանից հնչում են նորանոր պահանջներ, սա խոսում է այն մասին, որ Սահմանադրությունից հետո չի բացառվում, որ Ադրբեջանը նոր պահանջներով հանդես կգա»,- նշեց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե կա՞ արդյոք այնպիսի մի առաջարկ, որ Փաշինյանը կարող է անել «Ուժեղ Հայաստանին», որից հետ խմբակցությունը խորհրդարանում կաջակցի նոր Սահմանադրության ընդունման գործընթացին, Աբրահամյանը նշեց՝ դա կարող է լինել խաղաղության երաշխիքը։
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ հայ ժողովրդին, ՀՀ-ին խոստացել է խաղաղություն և պետք է կատարի այդ խոստումը։ Առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Թող ստորագրված խաղաղության պայմանագիրը բերվի Ազգային ժողով»,- ասաց Աբրահամյանը։
Նույն տրամաբանությամբ, Աբրահամյանի խոսքով, իրենց ուժն այլ կերպ կքվեարկեր խորհրդարանում TRIPP-ի համաձայնագրի վավերացմանը, եթե դրա հետ միասին բերվեր խաղաղության ստորագրված պայմանագիրը։