«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է միայն Սպիտակում

կողմից admin1

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու է միայն մեկ համայնքում՝ Սպիտակում։

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է 32-ամյա Արման Ավետիսյանը, որը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում, սակայն հայտարարագրել է բազմաթիվ անշարժ գույքեր Երևանում, Սպիտակում, Գյումրիում և Վանաձորում։ Ավետիսյանը հայտարարագրել է նաև շուրջ 32,7 միլիոն դրամ, 30 հազար դոլար, 750 հազար ռուբլի և 13 հազար 919 եվրո։

Նրա եկամուտների թվում են անշարժ գույքի և ավտոմեքենայի վաճառքից, գույքի վարձակալությունից, բանկային ավանդից և «Գեվտանիք» ՍՊԸ-ից ստացված գումարները։ Բանկից վերցրել է նաև 19,9 միլիոն դրամի փոխառություն։ Հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ 2020 թվականի Hyundai Sonata և 2006 թվականի Mercedes-Benz։ Սպիտակի ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստանից» բացի մասնակցելու են նաև «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։ ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։

Ցուցակում ընդգրկված է նաև նրա որդին՝ Գոռ Նիկողոսյանը։ Ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպք է հայտնվել «Անկախ դիտորդ» դաշինքի ուշադրության կենտրոնում։ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել է մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական է ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։

«Անկախ դիտորդ» դաշինքի գնահատմամբ՝ աշխատանքից ազատումները պատշաճ հիմնավորում չեն ունեցել և կարող են մյուս աշխատակիցներին հետ պահել իրենց քաղաքական նախապատվություններն ազատ արտահայտելուց՝ առավելություն տալով ՔՊ-ին։ Դաշինքը կոչ է արել արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահումը և դիմել դատարան։ Դեպքի առնչությամբ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ է նախաձեռնել։ Նոյեմբերի 12-ին հանձնաժողովը լսել է կողմերին, իսկ որոշման հրապարակումը նախատեսված է նոյեմբերի 13-ին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode