Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը, գրել է California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Հայաստանի ՆԳՆ-ն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղաքացիություն ստանալու և տասնապատկել դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը։ Ըստ նախագծի՝ քաղաքացիություն հայցող անձանցից կպահանջվի վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում ունենալ օրինական բնակության կարգավիճակ և այդ ժամանակահատվածում փաստացի գտնվել երկրում առնվազն 915 օր։ Նրանցից կպահանջվի նաև ցուցաբերել հայերենի բավարար իմացություն և Սահմանադրության վերաբերյալ գիտելիքներ։ Երդման արարողությունը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
Սասունյանը ՀՀ կառավարությանն առաջարկում է հրաժարվել քաղաքացիության առաջարկվող վերանայված կանոններից և վերացնել վճարը՝ բնակության պահանջի հետ միասին: Դրա փոխարեն ՀՀ կառավարությունը, իր դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով, պետք է համաշխարհային արշավ նախաձեռնի՝ խրախուսելու սփյուռքահայերին դառնալ երկքաղաքացի, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել նրանց մշտական ներգաղթին Հայաստան:
«Հայկական անձնագիր ունենալն սփյուռքահայերի համար խոր հուզական կապ է ստեղծում հայրենիքի հետ՝ խրախուսելով նրանց ավելի հաճախ այցելել Հայաստան, հնարավոր է՝ ներդրումներ կատարել երկրում և, ի վերջո, մտածել այնտեղ տեղափոխվելու մասին: Սա շատ ավելի խելամիտ տարբերակ կլինի, քան քաղաքացիության համար ավելի բարձր վճարներ գանձելն ու բնակության պահանջ սահմանելը»,-գրել է Սասունյանը: