«Արմենիկումի» գործով նախաքննությունն ավարտվել է

կողմից admin1

«Արմենիկում+» ԲԲԸ-ի տնօրենը կեղծ փաստաթղթերի և քաղաքացիական հայցի միջոցով փորձել է 100% պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից ստանալ շուրջ 1.6 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն` նշելով, որ գործով նախաքննությունն ավարտվել է։

ՔԿ-ի տվյալներով՝ պատմությունը սկսվել է դեռ 1999 թվականին, երբ «Միկա լիմիտեդ» ՍՊԸ-ն «Արմենիկում+» ԲԲԸ-ին բիզնես ներդրման նպատակով 4 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն է տրամադրել։

Քննության վարկածով՝ այդ գումարի հետագա վերադարձի հնարավորությունն ապահովելու նպատակով նույն տարվա դեկտեմբերին «Արմենիկում+»-ի և «Արմենիկում»-ի տնօրենները կազմել են կեղծ փոխառության պայմանագիր, ըստ որի՝ իբր «Արմենիկում+»-ը «Արմենիկում»-ին 6 տարով շուրջ 1.6 մլրդ դրամ է տրամադրել։ Հետագայում, ըստ ՔԿ-ի, կազմվել են նաև այդ պայմանագրի ժամկետը երկարաձգելու կեղծ փաստաթղթեր։

ՔԿ-ն հայտնում է, որ 2011–2018 թվականներին կազմվել և ստորագրվել են նաև փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր, որոնցով «Արմենիկում» ՓԲԸ-ի համար ձևակերպվել է շուրջ 1.6 մլրդ դրամի պարտավորություն։

Ըստ նախաքննության՝ «Արմենիկում» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Մ.-ն նպատակ է ունեցել քաղաքացիական հայցի միջոցով ստանալ այդ գումարը։ ՔԿ-ի տվյալներով՝ «Արմենիկում+»-ի նախկին տնօրեն Լ.Գ.-ի մահից հետո նա, առանց բաժնետերերի ժողով հրավիրելու, 2021 թվականի մայիսի 24-ով թվագրված կեղծ արձանագրություն է կազմել և դրա միջոցով ստանձնել «Արմենիկում+»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ ղեկավարելով նաև «Արմենիկում» ՓԲԸ-ն։

Այնուհետև՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ին, Ա.Մ.-ն դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 100% պետական մասնակցությամբ «Արմենիկում» ՓԲԸ-ից շուրջ 1.6 մլրդ դրամ պահանջելով։ Ըստ ՔԿ-ի՝ հայցին կից օգտագործվել են կեղծ պայմանագիր և փոխադարձ հաշվարկների ստուգման կեղծ ակտեր։ Քաղաքացիական հայցը դեռ քննվում է դատարանում։

Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման փորձի, կեղծ ապացույցներ ներկայացնելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու հոդվածներով։

«Արմենիկում» ՓԲԸ-ի և «Արմենիկում+» ԲԲԸ-ի երկու գլխավոր հաշվապահների, ինչպես նաև «Արմենիկում+»-ի նախկին տնօրենի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ համապատասխանաբար վաղեմության ժամկետներն անցնելու և մահվան հիմքերով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ «Միկա լիմիտեդ» ընկերությունը կապվում է գործարար Միխայիլ Բաղդասարովի (մահացել է 2020-ի օգոստոսին) անվան հետ․ նա երկար տարիներ եղել է ընկերության ղեկավարը, իսկ լրատվամիջոցներում այն ներկայացվել է որպես Բաղդասարովին պատկանող ընկերություն։ «Արմենիկում+»-ը գործում է 1999 թվականից և առնչվել է 100% պետական մասնակցությամբ «Արմենիկում» ընկերության հետ ֆինանսական հարաբերություններին։ Սակայն ԶԼՄ հրապարակումների համաձայն` «Արմենիկում+» ԲԲԸ ևս ուղղակիորեն կապված էր Բաղդասարովի բիզնես խմբի հետ։ Նա «Արմենիկում» դեղամիջոցի արտադրության և տարածման ծրագրի հիմնական ֆինանսավորողներից ու բաժնետերերից էր։

Focus Mode