40
Քրեակատարողական հիմնարկներում VIP պայմաններ չեն կարող և չպետք է լինեն․ բոլոր կալանավորների համար պետք է ապահովվեն մարդու արժանապատվությունը չնսեմացնող պայմաններ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահման պայմաններին։
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներն ու թիմակիցները բարձրաձայնում են պահման վատ պայմանների մասին։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պնդել է, որ ադրբեջանցի զինվորը, որը ներխուժել էր Հայաստանի տարածք և կրակել Սյունիքի Շաքի գյուղի բնակչի վրա, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվում է աննախադեպ լավ պայմաններում, մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնտեղ պահվում է վատ պայմաններում։
Գալյանի խոսքով՝ Քոչարյանը պահվում է 7–7,5 քմ մակերեսով խցում, որտեղ նախկինում մեկից ավելի անձինք են պահվել։ Նա ընդգծեց, որ միջազգային չափանիշներով մեկ անձի համար նախատեսված 4 քմ տարածքը բավարար է համարվում։
«Մեզ ներկայացված դիմումով բողոքել էին, որ վերևի մահճակալը խանգարում է իրեն նստել, շարժվել, ինչպես նաև խոչընդոտում է լույսի ներթափանցմանը։ Մենք հանել ենք երկրորդ մահճակալը»,– ասաց Գալյանը։
Նրա խոսքով՝ դիմումը բավարարվել է նաև այն պատճառով, որ տվյալ խցում այլ անձ տեղավորելու դեպքում հնարավոր չէր լինի պահպանել յուրաքանչյուրի համար առնվազն 4 քմ տարածք ապահովելու չափանիշը։ Գալյանը հավելեց, որ այդ խցում այլ կալանավոր տեղավորելու մտադրություն չունեն։