ՔՊ-ն կրկին դրամահավաք է սկսել․ նախորդ ընտրություններից առաջ 500 մլն դրամ էին «հավաքել»

կողմից admin1

ArmLur.am-ի տեղեկություններով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին դրամահավաք է սկսել։ Տեղեկացանք, որ դրամահավաքի գումարը պետք է ծախսեն ընտրությունների քարոզարշավի և կազմակերպչական աշխատանքների համար:

Սա ՔՊ-ի համար առաջին նախընտրական դրամահավաքը չէ, և նախորդ ընտրական գործընթացների ժամանակ հավաքագրված գումարների չափերը ցույց են տալիս, թե ինչպիսի ֆինանսական ծավալների մասին կարող է խոսք լինել։

Մասնավորապես, 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՔՊ-ի կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում 987 նվիրատուից հավաքվել էր 506 մլն 532 հազար 950 դրամ։ Այդ մասին հայտնել էր կուսակցության նախընտրական շտաբի այն ժամանակվա ղեկավար Արմեն Փամբուխչյանը։

Իսկ արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին տասնօրյակում՝ մայիսի 8-17-ը, ՔՊ-ի նախընտրական հիմնադրամ էր մուտքագրվել 350 մլն դրամ, ինչը այդ ժամանակ կազմել էր ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների ընդհանուր մուտքերի 46 տոկոսը։

Բացի այդ, 2025 թվականի ամբողջ տարվա կտրվածքով ՔՊ-ն ստացել էր 416 մլն 712 հազար 288 դրամի նվիրատվություն։ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ուսումնասիրության համաձայն՝ այդ գումարը փոխանցել էր 1,216 անձ, իսկ շուրջ 65 տոկոսը՝ 270 մլն 143 հազար 600 դրամը, ստացվել էր 1 մլն դրամ և ավելի փոխանցումներից։

Այս ֆոնին ուշագրավ է, որ այժմ, երբ Հայաստանի մի շարք համայնքներում հերթական ՏԻՄ ընտրություններն են սպասվում, ՔՊ-ն կրկին դիմում է դրամահավաքի գործիքին։

Թե այս անգամ որքան գումար կհաջողվի հավաքել իշխող կուսակցությանը, դեռ հայտնի չէ։ Սակայն նախորդ տարիների հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ՔՊ-ի նախընտրական դրամահավաքները կարող են հասնել հարյուրավոր միլիոն դրամների։

Հարց է առաջանում՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի համար ՔՊ-ին այս անգամ որքան գումար է անհրաժեշտ, և վերջնական արդյունքում որքան միջոց կհայտնվի կուսակցության նախընտրական հաշվին։

Focus Mode