24
«Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով Երևանում մեկնարկել է «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաքն ու սգո երթը։
Այն անցկացվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների և արցախահայության բռնի տեղահանման 3–րդ տարելիցի կապակցությամբ՝ հայրենիքի կորստի և զոհվածների հիշատակը հարգելու նպատակով։
Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև տարբեր տարիներին Արցախի պաշտպանության համար ընկած տղաների նկարները։
Հավաքին ներկա են Արցախի և Հայաստանի պետական ու քաղաքական գործիչներ։
Մինչ երթի մեկնարկը «Արցախի մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը նշեց, որ րոպեներով հիշում է, թե երբ է Ադրբեջանը սկսել Արցախի դեմ պատերազմը։
«1-ն անց 5 րոպեին սկսվեցին պայթյունները Ստեփանակերտի վրա, հաջորդեց 9 ամսվա շրջափակումը։ Բլոկադան մեզ չէր խեղճացրել, մենք հավատացել ենք, որ փրկվելու ենք, որովհետև պայքարել ենք, հավատացել ենք, որ միջազգային մեր իրավունքները՝ ապրելու ու անկախության, մեզ համար փրկություն կլինեն։ Մեր տղաներն առաջին գծում, իսկ մենք նկուղներում ձգտել ենք, որ մնանք ու պահպանենք հայկական Արցախը։ Սակայն մեզ մի քանի ժամվա ընթացքում պարտադրեցին ճանապարհ ընկնել՝ դժվար, բայց փրկության ճանապարհ, քանի որ մեր մեծ հայրենիք՝ մայր Հայաստան ենք եկել»,– ասաց Հասմիկ Միքայելյանը։