«Շատ կարևոր հանդիպում», «շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը». Ուկրաինայի սահմանները կփոխվե՞ն

կողմից badoyan

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-11-ին, անցյալ շաբաթ հայտնել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: «Քննարկումները կկենտրոնանան պատերազմից հետո անվտանգության, լարվածության թուլացման, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա», — նշել էր նա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրերս հաստատեց, որ նոյեմբերի 10-11-ը բանակցությունները կկայանան Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։

Ակնկալվում է նաև եվրոպական երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնակցությունը բանակցություններին։ Երեկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ կմասնակցեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններին։

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը կգլխավորի Արաբական Միացյալ Էմիրություններում Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ կայանալիք եռակողմ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը, այս մասին, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է РБК-Украина լրատվական գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև` Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը, նրա տեղակալը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալտ։ Նշվում է, որ բանակցություններին կմասնակցի նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ շուտով մի համապարփակ համաձայնագիր կլինի, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացի հետ հանդիպումից հետո: Նա նշել է, թե չի կարող ներկայացնել Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպման մանրամասները, սակայն վստահեցրել է՝ բոլորը գոհ կլինեն այդ համաձայնագրից: «Դա կլինի համապարփակ համաձայնագիր, և չի վերաբերի միայն Ուկրաինային … ես նույնիսկ կասեի, որ այն կարող է վերաբերել ամբողջ Եվրոպային: Դա կլինի հիանալի համաձայնագիր, և բոլորը գոհ կլինեն», նշել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կողմերը «չափազանց մոտ են» ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ CBS News-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ առաջիկա օրերին տեղի կունենա «շատ կարևոր հանդիպում» և փաստացի չէր բացառել, որ Ուկրաինայի սահմանները կփոխվեն խաղաղ կարգավորման արդյունքում, իսկ թե ինչպես, նա չէր մանրամասնել։ «Կարծում եմ՝ մենք դա կանենք … և Ուկրաինան կհայտնվի մի փոքր այլ վիճակում», — ասել էր Թրամփը։

Ի դեպ, Թրամփը որպես կարգավորման հիմնական խոչընդոտ նշել էր նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև անձնական թշնամանքը: Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև կա խորը փոխադարձ ատելություն, ինչը բարդացնում է բանակցությունները:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode