Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակները պետք է ուղարկել փոստային ծառայությունով, ոչ թե փոխանցել կառավարությանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1–ին ՀՀ կառավարությանը փոխանցել էր Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։ Նամակները հավաքվել են Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։
«Չգիտեմ` ինչ որոշում է կայացվել, սակայն ճիշտն ասած տարօրինակ է` եթե նամակ կա, ապա ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել… Ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք։ Ես, չգիտեմ, մենք քննարկել ու ինչ–որ եզրակացության եկել ենք, թե չէ, սակայն այդտեղ նրբություններ կան. այսինքն, հազար նամակ տալ կառավարությանը, ասել` այս նամակները տարեք, ինչքանո՞վ է դա տրամաբանական։ Ենթադրում եմ, որ այն մարմինը, որին դիմել են, կքննարկի ու կպատասխանի»,– հայտարարել է Փաշինյանը։
Ըստ նրա` տպավորություն է, որ այդ գործողություններն արվում են ոչ թե խնդիր լուծելու, այլ ինչ–որ բան սադրելու համար։