Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները

կողմից admin1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» կիրառումը՝ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ պահելու համար, որպեսզի Մոսկվան չօգնի Իրանին։

Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ բանակցություններում մինչ այժմ «զգալի առաջընթաց» է գրանցվել, մասնավորապես, բանտարկյալների ազատ արձակման հարցում։

«Այս փաստաթղթի ստորագրումն այս պահին կհանգեցներ հենց այդ անցանկալի արդյունքին։ Ես կարող եմ այն ստորագրել ավելի ուշ՝ ցանկացած պահի, երբ անհրաժեշտ համարեմ։ Թերևս ավելի կարևոր է այն, որ Ռուսաստանը գործնականում գրեթե ոչ մի օգնություն չի ցուցաբերում Իրանին, համենայն դեպս՝ համեմատած այն օգնության հետ, որը կարող էր ցուցաբերել։ Ես ցանկանում եմ, որ այդպես շարունակվի նաև հետագայում, և այդպես էլ կլինի, եթե հիմար մարդիկ չխանգարեն դրան»,- ասել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ այն բանի համար, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում ռուսական նավթավերամշակման գործարաններին, որտեղ դիզելային վառելիք են արտադրում։  Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, մինչդեռ Զելենսկին, նրա պնդմամբ, «ամենևին էլ չի ձգտում ավարտել այդ պատերազմը և, հավանաբար, երբեք էլ չի ձգտել դրան»։

«Երկու տարի առաջ նա կարող էր շատ ավելի շահավետ  գործարք  կնքել, քան այժմ։ Նրա երկիրն ավերակների մեջ է, տարածքների զգալի մասը կորցվել է, այլևս ելք չկա դեպի ծովեր և օվկիանոսներ, իսկ տղամարդ բնակչության թիվը նվազել է․ շատերը վիրավորվել են կամ զոհվել»,- պնդել է ԱՄՆ նախագահը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode